Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ը մարզահագուստի հավաքածու հանձնեց պարալիմպիկ խաղեր մեկնող Հայաստանի պատվիրակությանը

Փետրվար 28,2018 16:53

Մարտի 9-ից 18-ը Փհենչհանում կայանալու են ձմեռային 12-րդ պարալիմպիկ խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է մեկ մարզիկ՝ դահուկավազորդ Ստասիկ Նազարյանը:

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք հայաստանցի եւս մեկ մասնակցի աղոտ հույս ունեն: Դա կարող է լինել լեռնադահուկային սպորտի ներկայացուցիչ Սասուն Հակոբյանը: «Մենք շատ ջանքեր թափեցինք Սասուն Հակոբյանի համար Չեխիայում մրցաշարի հնարավորություն ստեղծելու ուղղությամբ եւ Փհենչհանում հանդես գալու վստահ հնարավորություն ստանալ, սակայն Չեխիայի դեսպանատան աջակցությունը չստացանք:

Պետությունից սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջոցով 6,5 մլն դրամ աջակցություն ենք ստացել, իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր Փհենչհան մեկնող մեր պատվիրակությանը մարզահագուստ է նվիրելու: Այս ընթացքում մենք համագործակցել ենք նաեւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի, իսկ ընդհանրապես հաշմանդամային սպորտի առումով՝ Երեւանի քաղաքապետարանի հետ», – ասաց Հակոբ Աբրահամյանը:

ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը նշեց. «Ավանդույթ է, որ օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հովանավորում է բոլոր մարզիկներին, հիմա նաեւ՝ Փհենչհան մեկնող Ստասիկ Նազարյանին եւ մեր ամբողջ պատվիրակությանը: Նրանց համար ձեռք է բերվել անհրաժեշտ մարզահագուստ, որն այսօր կհանձնենք մեր պատվիրակությանը: Օլիմպիական կոմիտեի եւ Գագիկ Ծառուկյանի անունից մաղթում եմ, որպեսզի մեր պատվիրակությունը պատվով ներկայացնի Հայաստանը, իսկ Ստասիկին, որպեսզի նա հնարավորին չափ լավ տեղ զբաղեցնի պարալիմպիկ խաղերում»:

Հակոբ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Ստասիկ Նազարյանի մարզումները սկսվել են հունվարի սկզբից, այս ընթացքում Գերմանիայում նա մասնակցել է մրցման: «Տասնօրյա մարզումներից հետո Ստասիկն այնտեղ հաղթահարեց 7,5 կմ մրցատարածությունը եւ Փհենչհան մեկնելու իրավունք ստացավ: Ծաղկաձորյան մարզումների ժամանակ մեզ շատ օգնեցին ճոպանուղու ղեկավարությունը, որը անվճար մարզվելու հնարավորություն ընձեռեց եւ Ծաղկաձորի քաղաքապետը: Եթե ամեն տարի կարողանանք այդպիսի մարզումներ կազմակերպել, վստահ եմ՝ հաշմանդամություն ունեցող անհամեմատ շատ մարզիկներ կհավաքվեն»: Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ անվճար մարզումները, որ կազմակերպվել էին ՀԱՕԿ նախագահի հրահանգով, այսուհետեւ էլ կշարունակվեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728