Բիզնեսի աշխարհում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուռքերից մեկը կարող է զարմանալի թվալ: Նա քիչ հայտնի էր, և դա նրան դուր էր գալիս: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համարձակ օդաչու է եղել: Իսկ գործարքների դաշտում նա ապագա նախագահի հակառակ բևեռում էր՝ ինքնատիրապետման, խոնարհության և հավասարակշռության մարմնացում, ամերիկյան The Fortune պարբերականում գրում է լրագրող Ուիլիամ Ռեմփելը:
Քըրք Քըրքորյանը, որը սեփական ուժերով է դարձել միլիարդատեր ու հյուրանոցների սեփականատեր, 8-րդ դասարանում Կալիֆոռնիայում ուսումը կիսատ թողած առանց գրոշի երիտասարդ էր, մինչև որ դարձավ հոլիվուդյան ֆիլմերի, Լաս Վեգասի խաղատների մագնատ, և Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Իսկ իր անսպասելի բարեգործությունների շնորհիվ նա դարձավ երկրի ամենաշռայլ մագնատը:
Շատ հարցերում նա չԴոնալդ էր, այնուամենայնիվ Թրամփը Քըրքորյանին վերաբերվում էր որպես բիզնես հեղինակություն: Երբ New York Times-ի սյունակագիրը դեռ 80-ականներին Քըրքորյանին անվանեց «գործարքների շուկայի աստված», Թրամփը նույնպես նրան անվանեց «Թագավոր» և հանրային կերպով հայտարարեց. «Ես սիրում եմ այդ տղային»:
Երկու երիտասարդ գործարարների պատմություններն ակնհայտ զուգահեռներ ունեն, բայց թերևս առավել հետաքրքիր է այն, որքան է տարբերվում ժամանակակից ամերիկյան երազանքին զարմանալիորեն նման տեսլականներին հասնելու նրանց մոտեցումը:
2015թ., երբ Քըրքորյանը մահացավ 98 տարեկանում, նրան էին պատկանում Լաս Վեգաս Սթրիփի խաղատների և խոշոր հյուրանոցների մեծ մասը: Բայց նրա անունը դրանցից ոչ մեկի վրա չկար: Ու չնայած նա մեծ ներդրում է ունեցել խաղատնային այդ վայրի ձևափոխման գործում, նրա անունը երբեք չի երևացել փողոցային նշանների, կայանատեղերի և անգամ մասնավոր կայանատեղերի վրա:
Մինչդեռ Լաս Վեգասի հորիզոնում՝ 6- հարկանի Trump International Hotel-ի վրա հսկայական ոսկե տառերով գրված T-R-U-M-P անունը:
Լռակյաց Քըրքորյանը խուսափում էր մամուլում երևալուց: Նա մերժում էր գրեթե բոլոր հարցազրույցները և ապրում էր իր սեփական օրենքներով՝ որևէ բան չբացահայտելով իր անձնական կամ բիզնես շահերի մասին: Քըրքի առաջին պատգամն էր՝ «շատ մի՛ խոսիր», իսկ երկրորդը՝ «երբեք մի՛ խոսիր քո մասին»:
Մինչդեռ Թրամփն ինքնաառաջախաղացման կողմնակից էր դեռ նախքան քաղաքականության մեջ մտնելը: Անգամ մինչև ազգի Գլխավոր Թվիթեր դառնալը նա հաճախ իր հասարակայնության հետ կապերի աշխատակցի միջոցով մամուլին էր հասցնում իր բոլոր տեսակի անձնական և բիզնես գործունեությունը:
Չնայած դաժան մրցակցությանը, Քըրքորյանը,սակայն, ոչ մի հակակրանք չէր զգում: Երբեմն անգամ ակտիվ բանակցություններից հետո Քըրքորյանի բիզնեսի մրցակիցները ավարտում էին որպես սոցիալական ընկերներ: Նրա ամենամոտ ընկերներն ասում էին, որ նա երբեք որևէ մեկի հասցեին վատ բան չէր ասում: Մինչդեռ, օրինակ, Թրամփի արձագանքը Forbes-ի վարկանիշում իր դիրքերի նվազմանը նույնպես թրամփական էր. նա պարբերականի մահացած հրատարակիչ Մալքոլմ Ֆորբսին մեղադրեց «վերջապես գերեզմանից իր վրա հարձակվելու մեջ»:
Քըրքորյանը զգուշությամբ խուսափում էր և՛ աստղային հետապնդումներից, և՛ քաղաքական կյանքում ներգրավվածությունից: Բայց նա նաև հիանում էր Թրամփով, գուցե և նախանձում էր նրան հանրության հետ հեշտորեն շփվելու նրա ունակության համար: Կրթություն չունեցող հայկական ընտանիքի բնածին ամաչկոտ տղան գրեթե կաթվածահար էր լինում հանրության առջև խոսելիս: «Երանի ես էլ կարողանայի խոսել Թրամփի պես»,- մի անգամ ասել է նա ընկերներին:
Եվ եթե Քըրքորյանը ողջ լիներ, հաստատ կտպավորվեր 2016թ. երդմնակալության ելույթի ժամանակ Թրամփի համարձակությամբ: Քըրքորյանի համար՝ պատերազմի տարիների հերոս օդաչու և համարձակ խաղացող, ով մի անգամ մեկ միլիոն դոլար էր դրել զառախաղում, որը բազմիցս խաղասեղանին էր դրել իր ապագան, Սպիտակ տանը հասնելը թերևս կորակվեր որպես մեծ գովասանքի արժանի քայլ մեծ գրազում:
Ու թեև Քըրքորյանը կարող էր գովերգել Թրամփի քարոզարշավը, բայց թերևս ոչ նրա թվիթերյան գրառումները, եզրափակում է Ռեմփելը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լաս-Վեգաս «ԹՐԱՄՓ» հիւրանոցը 6-յարկանի չէ: 🙂 Բարձր երկնաքեր է ու ճիշտն ասած մի քիչ կտրուած վայրում է կառուցուած: