Փետրվարի 27-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Գերմանահայկական ընկերակցության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր հատուկ քննարկում՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Քննարկմանը մասնակցելու նպատակով փետրվարի 25-27-ը Բեռլին էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական բարեկամության խմբի ղեկավար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը («Ելք» խմբակցություն):
Միջոցառման բանախոսներն էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Նիլս Շմիդթը (ՍԴԿ), Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն, ինչպես նաև ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորներ, գիտահետազոտական կառույցների փորձագետներ և քաղաքական հիմնադրամների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարներին և ակնկալիքներին:
Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ ԳԴՀ ԱԳՆ պաշտոնյաների, Բունդեսթագի հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԳԴՀ միջխորհրդարանական համագործակցության ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳՆ