Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունները, որ մեյմունություն են անում, թե ուզում են բացահայտել մարտի 1-ի հանցագործներին, բլեֆ են անում». Արամ Մանուկյան

Փետրվար 28,2018 15:41

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց՝ ՀՀ իշխանությունները մարտի 1-ի հանցագործներին բացահայտելու հարցում առաջընթաց չեն գրանցել:

«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մանուկյանն իր վրդովմունքը հայտնեց. «Տասը տարի անցավ, և այդ տասը տարիները ոչինչ չեն բերել: Իրավական և քաղաքական առումով մարտի 1-ի գործը տեղից չի շարժվել: Միակ հույսն այս պահին մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հույս ունեմ, որ այս տարի Եվրոպական դատարանում ինչ-որ նոր բան կլինի այս գործով»:

Արամ Մանուկյանի պնդմամբ ՝ ՀՀ իշխանությունները բլեֆ են անում, թե ուզում են բացահայտել մարտի 1-ի գործը. «Այսօրվա իշխանությունները, որ մեյմունություն են անում, թե ուզում են բացահայտել մարտի 1-ի հանցագործներին, բլեֆ են անում: Դա հերթական խաղն ու հնարքն է, որ փորձում են կիրառել: Միամիտ չլինեք, թե իշխանությունը կընդունի քաղաքական փաստաթուղթ, ինքն իրեն կմեղադրի մարտի մեկի ոճրագործության համար, կհայտնաբերի իր իսկ անդամներին, որոնք մասնակիցն են եղել ու կազմակերպիչը մարտի 1-ի սպանդի: Նրանք կարող են խնդիրը մի քիչ էլ հեռացնել, խոստումներ տալ: Ով՝ ով, բայց գոնե ես ներկա եմ եղել այդ խոստումներին՝ դատախազների, գլխավոր դատախազների կաբինետներում, երբ յուրաքանչյուրը տղամարդու խոսք էր տալիս, որ սայլը տեղից կշարժվի, կբացահայտվի. բլեֆ է»:

Պարոն Մանուկյանը մտահոգություն ունի, որ գործի ընթացքը կարող է զարգանալ վտանգավոր ուղղությամբ. «Խորհրդարանը կընդունի հայտարարության միայն փոխհատուցման մասը, և դրանով խորհրդարանը կարող է ցույց տալ, որ սա ընդամենը փողի խնդիր է: Ծնողներին փոխհատուցում տալով՝ մեղմացնենք քաղաքական մասը, պատիժների մասը՝ դրանով փչացնելով գործն ու վարկաբեկելով մարտի 1-ի քաղաքական բնույթը: Մինչդեռ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ բանաձևերը բոլորը շեշտում են, որ հանցագործներին գտնելն ու պատժելը և փոխհատուցումը հավասար հարթության վրա են: Եթե զարգանա այս սցենարը, սա կարող եմ այս գլխից գործարք անվանել»:

Պարոն Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ Մարտի 1-ի զոհերի ծնողները նամակ են ուղարկել Եվրոպական դատարան և նախագահից բացատրություն են պահանջում, թե ինչու է ուշանում այս գործի քննությունը, այն դեպքում, երբ կան ՀՀ-ից վարույթում գտնվող գործեր, որոնք առաջ են անցել իրենց հերթականությամբ:

Պարոն Մանուկյանը վստահեցրեց՝ հետևողական են լինելու, քանի որ պարտք են ծնողներին. «Ծնողները վստահում են, մենք նրանց հետ աշխատում ենք, Վահե Գրիգորյանն արդյունավետ աշխատում է Եվրոպական դատարանում: Իշխանություններն ուղղակի սարսռում են Վահեի գործունեությունից: Որքան էլ Գևորգ Կոստանյաններով, իրավաբաններով՝ հայտնի ու անհայտ, փորձեն խոչընդոտել կամ ձգձգել Եվրոպական դատարանում այս գործը, մեկ է, այն գնալու է առաջ և այն զուտ մեր պատմության համար է կարևոր, մեր երեխաների դաստիարակության, պատմությանը ճշգրիտ փաստեր տալու առումով: Մարտի 1-ի սպանդից հետո, երբ հաստատվեց, որ պարտակելու են այդ գործը, տեղի է ունեցել ամենամեծ արտագաղթը. 400-450 հազար մարդ նաև մարտի 1-ի պատճառով արտագաղթել է Հայաստանից»:

Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը փաստաբան Վահե Գրիգորյանը հանդես կգա մարտի մեկի գործով իրավիճակի վերլուծությամբ, մյուս օրը ևս այս թեմայով միջոցառում են նախաձեռնել. «Վաղը մեր խմբերն այցելելու են տասը զոհվածների գերեզմաններին, որից հետո ժամը 16.00-ին կլինի հոգեհանգստի կարգ, իսկ 18.00-ին Ազատության հրապարակում կմեկնարկի մեր հիմնական միջոցառումը: Կլինի կարճ միտինգային մաս, որից հետո բողոքի երթ՝ նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին: Դա մեզ համար պայքարի օր է բռնաճնշումների և պետական ահաբեկչության դեմ»:

Աշոտ Սարգսյանի, Արմեն Խաչատրյանի և Արամ Մանուկյանի հեղինակմամբ հրատարակվել է նաև «Մարտի 1-ի ոճրագործություն» գիրքը, որտեղ ներկայացված են փաստական նյութեր կատարված հանցագործության վերաբերյալ. «Կգտնեք միջազգային բանաձևեր և փաստաթղթեր, որոնք կարևոր էին հանցագործությունը բացահայտելու և իշխանության դեմքը պատռելու համար, գտնեք միջազգային հայտնի կառույցների հայտարարություններ, որոնք գնահատական են տվել ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված սպանդին և հիմնավորել, որ դա քաղաքական վենդետա է եղել կազմակերպված քաղաքական ուժի նկատմամբ: Գրքում ներառված է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ակադեմիական հոդվածը՝ «Բախում, թե սպանդ», որն ապացուցում է, որ չի եղել բախում ժողովրդի և ոստիկանության միջև, ինչպես իշխանությունները ներկայացնում են այսօրվա դասագրքերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728