Փաստաբան Տիգրան Աթանեսյանը վստահ է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները լինելու են կաշկանդված իրենց գործում:
«Նայելով ԱԺ ում առաջադրված թեկնածուների ցանկը՝ ես գտնում եմ, որ նրանք այն թեկնածուները չեն, որոնք կարող են ՀՀ-ում ապահովել դատական իշխանության անկախությունը: Բավականին տխուր տեսարան էր նաեւ թեկնածությունների քննարկման ժամանակ ԱԺ-ում, ըստ էության, թեկնածուներին հարց չտրվեց՝ ինչով են զբաղվելու այդ խորհրդում ու ինչ տեսլական ունեն: Ես շատ ափսոսում եմ, որ գործ ունենք հերթական ձեւական գործընթացի հետ»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները: Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է խորհրդարանը, մյուս 5-ը կլինեն դատավորներ:
Ըստ փաստաբանի, եթե առաջադրվող թեկնածուները առաջադրվեին հանրային քննարկումներից հետո, կներկայանային լրիվ այլ պաշարով, բայց քանի որ առաջադրվել են իշխող կոալիցիայի կողմից, ու հանրությունը տեղյակ չէ՝ ինչպես են ընտրվել այդ թեկնածուները, հետեւաբար. «Նրանք հաշվետու են իրենց նշանակողների առջեւ, բնականաբար, կաշկանդվելու են իրենց գործունեության մեջ»:
Փաստաբանի կարծիքով, խորհրդի կազմում չպետք է բոլորը լինեին իրավաբաններ, նրանց մեջ կարող էին լինել նաեւ պարզապես հանրությանը ծանոթ մարդիկ. «Խոսքը գնում է ոչ թե շատ լավ մասնագետ լինելու մասին, այլ լավ ու պարկեշտ մարդ լինելու մասին, մոտեցումը պետք է այլ լիներ: Այդ մարդիկ պետք է որոշեին՝ դատավորը կոնկրետ դեպքում ճիշտ էր, թե սխալ, իրավաբանական սխալ գտնելու համար կան վերին ատյաններ, իսկ պարկեշտության տեսակետից սխալներ, չարաշահումներ, դրանք սովորական մարդն էլ է շատ լավ զգում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ