Վերջին մի քանի տարում դեղատներն այդպիսի հաջող առեւտուր չեն ունեցել, ինչպես որ այս վերջին մեկ ամսում: Այս մասին բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանին վստահեցրել են դեղերի բիզնեսով զբաղվող գործարարները:
Առողջապահության նախարարության այն հայտարարությունից հետո, որ մարտի 1-ից մի շարք դեղամիջոցներ վաճառվելու են դեղատոմսով, ըստ պարոն Գրիգորյանի, մեր քաղաքացիները պետքական-չպետքական` ճնշման, հորմոնալ, հակաբիոտիկ եւ այլ դեղեր են գնել` որպեսզի դեղ պետք լինելու դեպքում չկանգնեն փաստի առաջ:
«Ոնց են պահածոներ պատրաստում` բալի, դեղձի, նման կերպ էլ դեղերն են պահածոյացրել: Պահելու են, որպեսզի օգտվեն, հարեւանին են տալու: Այսինքն` այն պատճառաբանությունը, որ այդպես են արել, որպեսզի մարդիկ ինքնաբուժմամբ չզբաղվեն, մեր քաղաքացիները այնքան դեղ են գնել, որ դեռ մեկ տարի կարող են ինքնաբուժում անել»,-ասաց պարոն Գրիգորյանը:
Այսօր «Հենարան» ակումբում, պարոն Գրիգորյանը ներկայացրեց դեղերը դեղատոմսով գնելու օրենքի բացերը, ինչը նրա համոզմամբ հանգեցնելու է կոռուպցիոն ռիսկերի, շտապօգնության ծառայության եւ պոլիկլինիկաների ծանրաբեռնված աշխատանքին ու դեղերի ստվերային շրջանառության:
«Շտապօգնությունն անում է օրական 750 եւ ավելի կանչ, եւ եթե յուրաքանչյուր ցավազրկողի կամ այլ գանգատով համատարած սկսվի շտապօգնության կանչը, կտուժեն իրական կարիքավորները»:
Մանրամասները` տեսանյութում
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը եւս ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ մարդիկ հակաբիոտիկից սկսած բազմաթիվ դեղեր են գնել ու ամբարել` նեղ օրվա համար: Նրա կարծիքով, դեղերը դեղատոմսով գնելու որոշումը, պարզապես խայծ էր, դեղամիջոցների առատ վաճառքի:
«Մարդիկ իրենց վերջին կոպեկը ծախսել են, դեղատները սրբել են»: Մելիտա Հակոբյանի խոսքով, մինչդեռ մի շարք հարցերի պատասխաններ իրենք այդպես էլ չեն ստացել, ասենք` ով է հսկելու բժշկին` ինչ դեղեր է դուրս գրում կամ նույն մարդու անունով դուրս գրած դեղատոմսերն իսկապես նույն անձի համար է, այլ ոչ թե բժիշկը կոռուպցիոն գործարքի է գնացել եւ նույն անձի անունով, այլ քաղաքացիների համար էլ է դեղատոմսեր բաց թողել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ