Մինչ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության մեկնարկը, Aravot.am-ը հումորով դիմեց ՀՀԿ խմբակցության քարտուղար, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանին`ընտրակեղծարարության պատասխանատուն ո՞վ է: Գագիկ Մելիքյանն էլ շարունակեց հումորը. «Չէ, չէ, հանձնաժողովը կեղծիքների հետ կապ չունի, էդ մեր գործն ա լինելու»:
Հետո, ինչպես, հայտարարեց «Ելք» դաշինքը, ընտրությունները կեղծվեցին: Դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ իրենց խմբակցության յոթ անդամներն էլ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին:
Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են, որ քրեական գործ հարուցվի այս առիթով եւ ճշմարտությունը ջրի երես դուրս գա: Իրենց խմբակցության անդամներն էլ վկայի կարգավիճակով ցուցմունք կտան. «Այս քվեարկությունը ժուլիկության եւ մանիպուլյացիայի հետեւանք է»:
Մանրամասները`տեսանյութում
Խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց`այս ամենն արվում է` խմբակցությունում առկա վիճելի հարցերը տարաձայնությունների վերածելու եւ դրանք խորացնելու համար: «Գաղտնիք չէ, որ այժմ խմբակցությունում կոնկրետ գործողությունների վերաբերյալ քննարկումներ են, կան տարբեր կարծիքներ: Սա «Ելք»-ի անդամների միջեւ սեպ խրելու եւ մուտիտ գցելու նպատակ ունի: Չի ստացվելու»:
Aravot.am-ի հարցին`հումոր արեցիք, փաստորեն կեղծեցիք, ՀՀԿ խմբակցության քարտուղար, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ասաց`բացարձակապես որեւէ կեղծիք չի կատարվել. «Ելք» խմբակցության անդամը ընտրական գործընթացի սկզբից մինչեւ վերջ մասնակցել է: Հաշվառման գործընթացին մասնակցել է`բոլոր թեկնածուների, ինքը անձամբ հաշվառել է չորս թեկնածուների` Գագիկ Հարությունյանի, Գեւորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի քվեաթերթիկները եւ ինքը անձամբ ստորագրել է հաշվառման գործընթացից հետո արձանագրության տակ»:
Նկատեցինք`ճնշում եք գործադրել, կաշառել եք: «Հարցրեք հանձնաժողովի ցանկացած անդամի`որեւէ մեկի վրա ճնշում գործադրե՞լ ենք, թե`ոչ: Մեր կաշառածը քիչ է եղել, դուք կաշառեք եւ հարցրեք»:
Գագիկ Մելիքյանն ասաց, որ չօգտագործված բոլոր քվեաթերթիկները նախապես պատռում են, ուստի հնարավոր չի դառնում հետո, արդեն քվեարկված քվեաթերթիկները փոխելու տարբերակը:
Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ այսպես պարզաբանեց կատարվածը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`եթե անհամաձայնություններ ուներ, ինչո՞ւ է ստորագրել վերջնական արձանագրությունը . «Հարցը հետեւյալն է… բոլոր քվեաթերթիկների վրա իմ եւ մյուս հանձնաժողովի անդամների ստորագրությունները կան, հաշվարկի ժամանակ ես ստուգել եմ բոլոր քվեաթերթիկների համապատասխանությունը, դեմը, կողմը: Ամեն ինչ ճիշտ է: Արձանագրվածը ճիշտ է: Եթե նույնիսկ վերահաշվարկ պահանջենք, բացենք այդ փաթեթները` կլինի այն, ինչ արձանագրված է: Բայց… իմ խմբակցության անդամները եւ ես հայտարարում ենք, որ չէր կարող երկու դեմ լինել: Ես ունեմ կասկած, որ կողմ քվեաթերթիկները փոխարինվել են դեմ քվեաթերթիկներով…այո, ես դեմ եմ քվեարկել»:
Լենա Նազարյանը եւս կարծում է, որ իշխանությունը փորձում է «կասկածներ հարուցել մեր խմբակցության մեջ»: Վստահեցնում է`ոչինչ չի հաջողվելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ