Քանի որ փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպել էին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, լրագրողները Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից եւ ինչ դիրքորոշում ունի թեկնածուն մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը մի շարք կարեւորագույն հարցերի վերաբերյալ, նաեւ մարտի 1-ի վերաբերյալ, հայտնի չէ հանրությանը: «Ես հիմա չեմ ուզում թեման տեղափոխել նրա անհատական հատկությունների հարթություն: Մենք իրեն ասել ենք, որ ձեր տեսակետները հայտնի չեն հանրությանը եւ դուք լեգիտիմ չեք. կեղծված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն, ապա կեղծված ԱԺ ընտրություններ են կայացել եւ հիմա այդ ԱԺ-ն ընտրելու է նախագահ: Հետեւաբար, ոչ լեգիտիմ իշխանությունը, որն ընտրված չէ ժողովրդի կողմից, չի կարող արդյունավետ լինել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ