Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ.-ի դեկտեմբերի 6-ին, օրը ցերեկով, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում։ Երկու դիմակավորված անձինք (կան տեղեկություններ, որ նրանք եղել են ներտնային տեխսպասարկման աշխատակիցների համազգեստով) թակել էին Գյումրու թիվ 30 դպրոցի փոխտնօրեն Ալինա Ավետիսյանի բնակարանի դուռը, ներս խուժել, կպչուն ժապավենով կապել էին նրա ոտքերն ու ձեռքերը ու դանակի սպառնալիքի տակ գումար պահանջել։ Այնուհետ սկսել էին տակնուվրա անել տունը՝ թալանելով ոսկյա զարդեր, բիժուտերիա մուշտակ, գումար։
Ըստ ոստիկանության տվյալների՝ Ալինա Ավետիսյանին պատճառել են 2.000.000 դրամի վնաս:
Այսօր ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել է. երեկ ժամը 14.45-ին, Գյումրիի Շիրակացու փողոցի շենքերից մեկից ոստիկանության «Մուշի» բաժին բերման է ենթարկվել 1976 թվականին ծնված Արմեն Թ.-ն, որը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների տվյալներով, ավազակային հարձակում կատարած անձանցից մեկն է:
Մինչդեռ, ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, հանցագործությունը բացահայտված համարելը չի բխում քրեական գործով ձեռք բերված տվյալներից։
«Այս պահին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, հանցագործությունը, որն այս պահին դիտարկվում է որպես բացահայտված, չի բխում քրեական գործում առկա փաստական տվյալներից։ Կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները նշված անձի առնչությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ։ Դեռևս բավարար ապացույցներ չկան, որոնք կվկայեն առ այն, որ նշված անձն է կատարել հանցագործությունը, ավելին, որոնք կվկայեն այն մասին, որ հանցագործությունը բացահայտվել է»,- ասաց դատախազը։
Ձերբակալվածը նախկինում հափշտակությունների համար դատապարտված անձ է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ