Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սպանված ոստիկան Արթուր Վանոյանի աշխատասենյակն արյան հետքերի մեջ է եղել, իսկ իրերը՝ խառնված

Փետրվար 28,2018 14:09

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի (լուսանկարում), Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների հրապարակումը:

Մեղադրող-դատախազներ Արամ Արամյանը եւ Պետրոս Պետրոսյանն ընթերցեցին ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ օգոստոսին գնդի տարածքի շինություններում կատարված քննչական գործողությունների արձանագրությունները:

Դրանցից մեկը վերաբերում էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, որը ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհվել էր ՊՊԾ գնդի գրավման ժամանակ:

Ըստ «Սասնա ծռերի» մեղադրական եզրակացության՝ նա սպանվել է խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանի կողմից:

Վանոյանի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններով արձանագրվել է, որ աշխատասենյակի դռան վրա, իսկ այնուհետեւ՝ հատակից մինչեւ սենյակի միջնամաս, առկա են արնանման հետքեր: «Սեղանին եւս արնանման հետքեր են, իսկ հատակի արնանման հետքերը լղոզված են ու չորացած: Արթուր Վանոյանի հանգստի սենյակի իրերի դասավորվածությունն անկանոն խախտված է: Աշխատասենյակի մետաղյա պահարանի փականն անկանոն վնասված է: Առկա են մեկ սրբիչ եւ ծածկոց, որոնց վրա եւս արնանման հետքեր են»,-ասվում է քննչական գործողության արձանագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ Վանոյանի աշխատասեղանի իրերը եւս խառնված են: Սենյակում եղել են նաեւ ատրճանակի պատյան եւ պայուսակ՝ կրկին արյան հետքերով: Մեկ այլ քննչական գործողության արձանագրության համաձայն՝ ՊՊԾ գնդի շինություններից մեկում՝ բացի ոստիկանական ծառայողական համազգեստներից, պարագաներից ու զինամթերքից, հայտնաբերվել են օղու երկու դատարկ շշեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728