Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելք»-ն ահազանգում է, որ Գագիկ Հարությունյանի ընտրությունն ԱԺ-ում կեղծվել է, ժուլիկություն են արել եւ ձայն գողացել

Փետրվար 28,2018 13:21

Ինչպես հայտնել ենք, Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրվեց: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Գագիկ Հարությունյանը ստացել էր 96 կողմ եւ ընդամենը 2 դեմ ձայն: Նա ամենաշատ ձայներն էր ստացել: Իսկ Գեւորգ Դանիելյանի օգտին քվեարկել էր 90 պատգամավոր, դեմ եղել է 7-ը:

Ավելի ուշ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Լիազորված եմ հայտարարել, որ «Ելքի» բոլոր պատգամավորները, որոնք մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, քվեարկել են դեմ Գեւորգ Դանիելյանին եւ Գագիկ Հարությունյանին: Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, պարզ է՝ մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված «Ելք» դաշինքին»:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ասաց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկության ողջ ընթացքին, քվեաթերթիկների հաշվառման գործընթացին, «միաձայն ստորագրել են արձանագրությունը, հաշվել բոլոր քվեաթերթիկները՝ մեկ առ մեկ, այնպես որ, անհիմն հայտարարությունների կարիքը չեմ տեսնում»:

«Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն արձագանքեց. «Ես հաշվիչ հանձնախմբի անդամ եմ, մասնակցել եմ հաշվարկին, սակայն ես չեմ կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով, որովհետեւ հաշվարկի ժամանակ բոլոր անդամները հաշվում էին քվեաթերթիկները եւ շատ հնարավոր է, որ նրանցից մեկը հենց այդպես էլ արել է»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց. «Կա արձանագրություն, բոլոր անդամները հանձնախմբի ստորագրել են արձանագրության տակ եւ ինչքան դուք խոսում եք հնարավորության մասին, մենք էլ կարող ենք ասել, որ ձեր ասածները ենթադրություններ են: Մենք լուրջ մարդիկ ենք, ԱԺ պատգամավորներ»:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվեաթերթիկները փոխել են, Փաշինյանն էլ հորդորեց հետաքննություն անցկացնել եւ ընդհանրապես դադարեցնել դռնփակ ռեժիմով ձայների հաշվարկը:

«Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ հաշվիչ հանձնաժողովի իրենց անդամին միանշանակ վստահում են, անհնար է նրա ներկայությամբ մանիպուլյացիա լիներ, բայց նա նույնպես առաջարկեց վերահաշվարկ կատարել՝ կասկածները փարատելու համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ավելորդ խլրտումներ չմտցնել եւ ասաց՝ եթե ցանկանում եք՝ վերահաշվարկ արեք:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները արդեն երդվել են, նրանց ծափերով շնորհավորել են ու հիմա, փաստորեն, այդ հարցը մնացել է առկախ:

Մինչ «Ելքը» բողոքում էր, քվեարկության դրվեց Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծ: Այն ընդունվեց 72 կողմ ձայներով՝ միաձայն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728