Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին:
Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից: Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել:
«Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության համար հաշիվ պահանջել մեզանից: Հայոց ցեղասպանություն, 1915-ի դեպքեր: Մի անգամ էլ մեզ հարցադրում անելու փոխարեն ետ դարձեք ու ձեր ամոթալի պատմությանը նայեք: Գաղութացումը, կոտորածն ու ցեղասպանությունը ձեր պատմությանն է բնորոշ: Նախ ձեր կեղտոտ անցյալի, ստրկավաճառության պատասխանը տվեք: Նախ տարիներով գաղութացրած երկրների և իրականացրած կոտորածների պատասխանը տվեք, հետո նոր մեզ զրպարտեք»,- վրդովված ասել է Թուրքիայի վարչապետը:
Աղբյուր` Haberler.com