Ինչպես «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրել է, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել եւ, ըստ այդմ՝ օրենսգրքի տնտեսական հանցագործություններին վերաբերող յոթ հոդված ուժը կորցրած ճանաչել:
Մասնավորապես նախատեսվում է ապաքրեականացնել «Կեղծ գինի կամ կեղծ օղի, ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը», «Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը», «Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը», վաշխառությունն արգելող հոդվածները:
Նախագիծն ընդունվելու դեպքում տնտեսական հանցագործությունների համար միայն վարչական պատասխանատվություն կսահմանվի՝ 2 միլիոն եւ ավելի դրամ տուգանքի տեսքով:
Գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ կարծիքով՝ այդ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան գործարար ոլորտի վրա՝ նպաստելով դրա զարգացմանը եւ խթանելով այլ բիզնեսների ստեղծումը. «Նախաձեռնությունը դրական եմ գնահատում մի քանի տեսանկյունից: Երբ նման վերաբերմունք է դրսեւորվում բիզնեսի հանդեպ, գործարարին շնչելու հնարավորություն է տրվում։ Դա նպաստում է ոլորտի զարգացմանը, նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:
Եթե քաղաքացին գիտի՝ դատական համակարգը մեզանում կոռումպացված է, իսկ տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում, վախենում է ոտք դնել բիզնես ոլորտ կամ ընդլայնել իր գործը՝ մտածելով, որ մի օր իրեն կարող են անհիմն զրկել ազատությունից եւ բիզնեսից, իսկ կոռումպացված դատական համակարգում չի կարողանա իր իրավունքները պաշտպանել:
Դա կապում է ձեռնարկատիրոջ կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցողների ձեռքերը, վանում է ոլորտից: Իսկ երբ այդ ահաբեկող գործոնը՝ քրեական պատասխանատվությունը, վերացվի տնտեսական հանցագործությունների դեպքում, եւ մոտեցումը փոխվի, դրանք դիտարկվեն որպես զեղծարարություն, գործարարն ավելի համարձակ կդիմի բիզնեսը զարգացնելու քայլին, նոր ընկերություններ կհիմնվեն, մարդիկ իրենց ավելի ապահով կզգան:
Իսկ երբ մեզանում բիզնես ոլորտը կայանա, փոփոխվի ու բարեփոխվի, կարելի է նորից վերադառնալ տնտեսական հանցագործությունների քրեականացմանը: Առայժմ գիլիոտինային մեթոդների կիրառումը ճիշտ չեմ համարում»:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ տնտեսական հանցագործությունների համար քրեական հետապնդում նախատեսող օրենքի առկայության հետեւանքով այսօր դատարաններում սնանկացման մասին կայացրած բազմաթիվ որոշումներ կան: Դրանց զգալի մասը հիմնավորված չեն որպես քրեական գործեր: Այսինքն՝ կան գործարարներ, որոնք առանց հիմնավոր պատճառի հայտնվել են ճաղերի հետեւում, իսկ իրենց բիզնեսը փակվել է, նրանք սնանկ են ճանաչվել, քանի որ չեն կարողացել ապացուցել իրենց անմեղությունը. «Արդյունքում դատարաններն այնքան են լցված նման գործերով, որ սնանկության մասին նոր օրենքով եւ դատական համակարգի որոշ բարեփոխումների շրջանակում նախատեսվում է սնանկության գործերով առանձին դատարան հիմնել»:
Գործատուների միության նախագահը համոզված է, որ Հայաստանի տնտեսության ներկայիս ծայրահեղ վիճակում նման վճռական մեթոդների կիրառումը, ինչպիսին գործարարներին զեղծարարությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելն է, մեզ համար կարող է վատ հետեւանքներ ունենալ. «Գուցե նման օրենքներն արդյունավետ են զարգացած շատ երկրներում, որտեղ, ի դեպ, բիզնեսի մշակույթն անհամեմատ բարձր է, տնտեսավարողներն ու սպառողներն իրենց իրավունքները գիտեն, եւ օրենքը եզակի դեպքերում է կիրառվում:
Իսկ մեր պայմաններում, երբ գործազրկությունը մեծ թվերի է հասնում, իսկ ՀՆԱ-ն շատ փոքր չափով է աճում, կտրուկ քայլերը կարող են բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա՝ մուլտիպլիկատիվ ազդեցություն ունենալով նաեւ կյանքի մյուս ոլորտներում: Մենք պետք է այդ հարցին խիստ զգուշավոր վերաբերվենք: Արդեն իսկ բիզնեսի փակման ռեկորդային ցուցանիշներ կան մեզանում»:
Ներկայացնելով 2016թ. վիճակագրական տվյալները՝ տնտեսագետը նշում է, որ այդ տարվա ընթացքում 10029 ընկերություն է լուծարվել, 5 հազարն էլ դադարել է գործել: Մինչդեռ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն այն ժամանակ հայտարարում էր, թե մոտ 15 հազար նոր ձեռնարկություն է բացվել, բիզնես հիմնվել՝ լռելով փակվածների մասին:
Թագուհի Ասլանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում