«Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանի «Քամի» երգը մրցակցային չէ, բացի այդ՝ այն շատ եմ նմանեցնում Արամ MP3-ի «Not alone», երգին։ Առհասարակ, երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ, որ մեր տղա մասնակիցներից շատերը մրցույթին ներկայացել են պալատական երգերով, այնինչ՝ ավելի հետաքրքիր կլիներ ռիսկի դիմել թեկուզ գործիքավորման առումով։ Երգի ընտրության հարցում մենք գրեթե միշտ սխալվում ենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, գործիքավորող ԴերՀովան, ով «Քելե, քելե» երգի երաժշտության հեղինակն է։
ԴերՀովան պարզաբանեց, որ ռիսկային քայլ ասելով՝ նկատի չունի, որ հարկավոր էր, օրինակ, Կամիլ շոուին ուղարկել «Եվրատեսիլ». «Հայերիս կարող է թվալ, որ Կամիլ շոուն Եվրոպայում կաշխատեր, բայց ինձ այդպես չի թվում։ Նա կարծես ծաղրում էր մրցույթը, չեմ ասում՝ մեզ խայտառակում էր, պարզապես ծաղրում էր, բայց մենք բավական լուրջ ենք մոտենում «Եվրատեսիլ»-ին»,- մեկնաբանեց ԴերՀովան։
Նրա խոսքով՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակչում հայտնված երգերից ոչ մեկն իրեն չի հետաքրքրել. «Կուզեի, օրինակ, «Գաթա բենդ»-ը գնար «Եվրատեսիլ», բայց ոչ այն երգով, որ ներկայացրել էր։ Եզրափակիչ անցած երգիչներից ինձ համար ամենաուժեղը Մհերն էր, բայց նա էլ ներկայացրեց ոչինչ չասող, հնացած մի երգ, Սեւակը եւս հոյակապ երգիչ է, բայց երգն անհաջող է»։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում