Լրահոս
Օրվա լրահոսը

Կապույտ հազից մահացած երեխայի ընտանիքն ապրիլյան պատերազմից հետո Հայաստան է տեղափոխվել Արցախի Թալիշ գյուղից. «Հայկական ժամանակ»

Փետրվար 28,2018 12:46

Կապույտ հազ հիվանդության հետեւանքով երկու ամսական երեխայի մահվան լուրը պատճառ դարձավ, որ հանրության մի ստվար հատված առողջապահության նախարարությանը մեղադրի այս ընտանիքի դժբախտությունը շահարկելու մեջ։

Գերատեսչությունը, գուժելով փոքրիկի մահը, մասնավորապես հայտարարել էր. «Երեխան, ինչպես ե ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել։ Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ։ … Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը եւ նրա զույգ եղբայրը կապույտ հազով վարակվել են 2 տարեկան 9 ամսական քրոջից»։

Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն, երեխաները կապույտ հազի դեմ առաջին պատվաստումը պետք է ստանան 1.5 ամսական հասակում, հետեւաբար 1 ամսական երկվորյակները չէին կարող պատվաստված լինել։ Ուրեմն, ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը փորձում թյուր տպավորություն ստեղծել։

Անդրադառնալով վերոնշյալ հակասությանը՝ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, թե նախարարության գրածի իմաստն այն էր, որ ընտանիքի նորածին երեխաները վարակվել են մեծ քրոջից, որը եթե պատվաստված լիներ, վարակի աղբյուր չէր դառնա։ «Եթե նա պատվաստված լիներ ու չվարակեր, այդ երեխան մեկուկես ամսականում իր պատվաստումը կստանար եւ գոնե մեկ դոզայով պաշտպանված կլիներ ու եթե անգամ վարակվեր, չէր մահանա։ Դա է ամբողջ իմաստը, ոչ թե մենք ասում ենք, որ այդ երեխան պետք է մեկ ամսականում պատվաստվեր»,- պատասխանեց Գայանե Սահակյանը։

Նա մանրամասնեց, որ ընտանիքում կապույտ հազով նախ հիվանդացել է մեծ աղջիկը, հետո վարակել փոքր երկվորյակներին։ Աղջիկը ինքնուրույն հաղթահարել է հիվանդությունը, երկվորյակներից մեկի մոտ նույնպես լուրջ բարդացումներ չեն եղել, բայց մյուսի դեպքում, որն ավելի թույլ օրգանիզմ է ունեցել, կապույտ հազը դարձել է մահացու։

Մահացած երեխան կապույտ հազով վարակվել է մեկ ամսականում, մինչդեռ դրա դեմ պետք է պատվաստվեր ընդամենը 1.5-ում, ինչը նշանակում է, որ վարակի դեմ ընկալունակ է եղել ավելի վաղ։ Այս մասին դիտարկմանը Գայանե Սահակյանն արձագանքեց, որ դա կախված է օրգանիզմի առանձնահատկությունից, բայց համարվում է, որ մորից փոխանցված հակամարմինների ազդեցությունը պետք է պահպանվի երկու ամիս։

Կապույտ հազից մահացած երեխայի ընտանիքն ապրիլյան պատերազմից հետո Հայաստան է տեղափոխվել Արցախի Թալիշ գյուղից։ Տիկին Սահակյանը նշեց, որ հիվանդ երեխաներին հայտնաբերել է տարածքային մանկաբույժը, հորդորել է նրանց հոսպիտալացնել, սակայն մայրը հրաժարվել է: Այդուհանդերձ, Սահակյանի խոսքերից պարզ է դառնում, որ երեխայի մայրը սկզբունքորեն դեմ չի եղել երեխաներին բուժօգնություն տրամադրելուն, որովհետեւ սկզբում նրանց հիվանդանոց է տարել, դեղեր գնել:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728