«Ինձ համար շատ կարեւոր է`ամեն ինչից առաջ ընտանիքի աջակցությունն ունենալ: Ընտանիքս պատրաստ է ինձ գործուղել Ազատության հրապարակ: Ոչ ավել, ոչ պակաս: Դա չի նշանակում, որ իրենք ինձ տանից դուրս են արել, ասել են՝ գնա Ազատության հրապարակ, եթե պայքարի համար պետք է», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն`անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը եւ խմբակցության քննարկումներին:
Հարցին`դաշինքում հակասություններ կա՞ն` Սերժ Սարգսյանի`վարչապետ դառնալու դեմ պայքարելու հարցի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր դաշինքում միշտ եւ ամեն ինչ վերաբերյալ կան տարաձայնություններ: Մենք այնպիսի դաշինք չեն, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը`կա բացարձակ ճշմարտություն եւ բոլորը դիրքավորվում են դրա տակ: Մեր դաշինքում եղել են, կան եւ կլինեն հակասություններ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները շարունակվում են, հույս կա, որ դաշինքում կոնսենսուս կլինի եւ իրենք շատ կոնկրետ գործողություններով կանեն այն, ինչը պարտադիր է:
Նիկոլ Փաշինյանի անձնական կարծիքով` Ազատության հրապարակ գնալու կարիքը կա: Նա հիշեցրեց, որ Սահմանադրական բարեփոխումների ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր`որ ճիշտ չէ, որ որեւէ պաշտոնյա հավակնի երրորդ անգամ երկրի ղեկավարմանը: «Եթե Սերժ Սարգսյանը պիտի հայտարարի, որ ինքը ստախոս է եւ քաղաքական ժուլիկ`թող հայտարարի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ