Երեկ խորհրդարանում թերեւս արտառոց դեպք տեղի ունեցավ։ Իշխող ՀՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց «2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ» օրենսդրական նախաձեռնությունն օրակարգ ընդգրկելու հարցին, որ ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը։ Սա ուշագրավ է նաեւ այն առումով, որ ի սկգբանե այս նախաձեռնությունը գլխադասային՝ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն էր ստացել։ Եվ, ընդհանրապես, նախորդ խորհրդարանում էլ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն էր հինգ տարի շարունակ փորձում այս հարցն ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել, հանձնաժողով ստեղծել եւ այլն, բայց իշխանությունները համառորեն մերժում էին՝ բերելով զանազան արդարացումներ: Ի վերջո, ո՞րն է պատճառը, այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ։
– Օրեր առաջ խորհրդարանում լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն այդ դեպքերի առումով մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ուղղությամբ։ Համակարծի՞ք եք։
– Իհարկե, դա չեմ լսել։ Ես չեմ կարծում, որ գործող նախագահին կամ մյուսներին պետք է մեղադրել։ Այդտեղ խնդիրը հետեւյալն է, որ միտինգը կազմակերպել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ մինչ միտինգի վերջանալը, դրա ամբողջ գործողությունների համար պատասխանատու է նաեւ կազմակերպիչը։
– Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը։
– Ռոբերտ Քոչարյանը միտինգը չի կազմակերպել, ընդամենը խնդիրը լուծվել է այնպես, որպեսզի այլ քաղաքացիական պատերազմներ կամ այլ դրսեւորումներ չունենան։ Ու սովորաբար, երբ խոսքը գնում է ընդդիմությանը, անպայման խոսքը գնում է դեպի նախագահներին, որ երեւի իրենք, եթե ուզենային, այդպես չէր լինի։ Ես չեմ կարծում՝ դա այդպես է, որովհետեւ ցանկացած նախագահ ունի իր գործողությունների ամբողջական ընթացքը Սահմանադրությունով եւ դրանից առավել որեւէ այլ բան չի կարող անել։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում