Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մի քանի շաբաթից պատրաստ կլինի մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման ռազմավարությունը։ Ուշագրավ ռազմավարություն է լինելու։ Խնդիրն այն է, որ ներկայումս գործում է դեռ 2013 թվականին մշակած «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը»։ Իսկ այս ծրագրով 2017 թվականի համար որոշակի ցուցանիշներ էին կանխատեսված։ Այսպես, մեր համախառն ներքին արդյունքը ըստ այս ծրագրի, պետք է լիներ 12 միլիարդ 750 միլիոն դոլար։ Սակայն կունենանք մոտ 11 միլիարդ։
Հայաստանի պետական պարտքը 2017-ին պետք է կազմեր մեր ՀՆԱ-ի 41.8 տոկոսը, սակայն այն արդեն անցել է 60 տոկոսի շեմը ու կազմել 6.7 միլիարդ դոլար։ Այդ ծրագրում ասվում էր, որ մինչեւ 2021 թվականը աղքատությունը պետք է այնքան կրճատվի, որ «աղքատությունը դադարի երկրի տնտեսական զարգացման հիմնահարց լինելուց, իսկ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես վերացվի որպես սոցիալապես նշանակալի երեւույթ»։ Արդեն 2018 թվականն է, իսկ ՀՀ բնակչության մեկ երրորդը՝ մոտ մեկ միլիոն մարդ, աղքատ է։ Այսինքն, նույնիսկ 5 տարվա կտրվածքով ռազմավարություններում նշված ցուցանիշները չափազանց հեռու են կանխատեսվածներից։
Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի նշած նոր ռազմավարությունը ընդգրկում է ժամանակաշրջան, որը ավարտվում է 2030 թվականին։ Որքան հեռու, այնքան՝ լավ։ Հայտնի չէ, թե մինչեւ այդ ինչ տեղի կունենա, որեւէ պատասխանատվություն այդ ռազմավարության կատարման համար որեւէ մեկը չի կրում։ Թիվ է՝ ասում ենք, էլի։ Կամ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «Ինչքան ուզես, էնքան կխփենք»։
Կարելի է համոզված պնդել, որ առաջիկայում մեր սոցիալ տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները կշարունակեն լինել բավականին տպավորիչ։ Այլ բառով ասած՝ պլպլան։ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ մի որոշ ժամանակ կարձանագրվեն նման ցուցանիշներ։ Բայց դրանից հետո ցուցանիշները կվերադառնան իրենց սովորական լճացման վիճակին։ Այն, ինչ արձանագրվում էր վերջին տարիներին։ Դա կանխատեսելու համար տնտեսական հաշվարկներ չէ, որ պետք է արվեն։ Պարզապես Հայաստանում բարեփոխումներ չեն իրականանալու, տնտեսությունը մնալու է որակական ճգնաժամի մեջ։ Իսկ դրա պատճառն այն է, որ ի հեճուկս իր խոստմանը Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել «պետության ղեկին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում