«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, բժշկուհի Մարինա Խաչատրյանը փետրվարի 28-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում անդրադառնալով առողջապահության նախարարի հրամանին, ըստ որի մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները եւ կոդեին պարունակող դեղերը դեղատներում բացառապես դեղատոմսով են վաճառվելու, նշեց, որ Առողջապահության նախարարությունը մենաշնորհային դարձնելու ծրագիր է իրականացնում: Նա փաստում է, որ Վրաստանում նմանատիպ փորձի ներդրումը ձախողվել է, ու այդ ծրագիրը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
«Առողջապահության նախարարությունում աշխատում են մարդիկ, որոնք թերի գիտելիքների են տիրապետում…Ես արդեն տեղեկություններ ունեմ, որ շատ դեղատներ կլինեն, որ կաշխատեն առանց դեղատոմսի, ոմանց ասել են, որ շատ հանգիստ կարող եք շարունակել աշխատել…Նաեւ դեղորայքի գների բարձրացում է նախատեսվում; Քաղաքացին ստիպված է լինելու դեղատոմս գնել: Ինչ-որ մոնոպոլ անձնավորությունից նա գնելու է իրեն անհրաժեշտ դեղատոմսը, իսկ այն դեղատները, որոնք օրինական ձեւով աշխատելու են դեղատոմսերով, ունենալու են դեղերի փոքր շրջանառություն, փակվելու են, գրագետ դեղագետներն էլ ստիպված արտագաղթելու են: Ես գիտեմ, որ օլիգարխներին պատկանող դեղատներում աշխատողները չեն տիրապետում այն գիտելիքներին, որոնց տիրապետում են մասնագետ բժիշկները: Այդ ամենով, փորձ է արվում դեղատնային շուկան դարձնել մոնոպոլ»,- շեշտում է Մարինա Խաչատրյանը:
Նրա խոսքով. «Դեղատոմսում իրավունք կա նշանակել ոչ հոգեմետ միայն առավելագույնը երկու դեղ վաճառել, իսկ եթե հիվանդը կարիք ունի, օրինակ` վեց դեղի, եւս երկու դեղատոմս պիտի լրացնի, պատկերացրեք, թե վեց-յոթ դեղորայքի կարիք ունեցող հիվանդներին սպասարկելը ինչպիսի հերթեր է առաջացնելու»:
Նա կարծում է նաեւ, որ բժիշկները հիվանդին բուժելու փոխարեն ստիպված են լինելու անիմաստ գրագրությամբ զբաղվել:
Մարինա Խաչատրյանը մի օրինակ էլ բերեց. «Եթե մեկը ուրբաթ օրը կերել խմել է եւ փորլուծություն ունի, ինքը փոխանակ լեվոմիցիտին կամ այլ դեղ գնելու եւ ընդունելու, ստիպված է լինելու այդ վիճակով սպասել մինչեւ երկուշաբթի, որպեսզի վերցնի դեղատոմս, գնա պոլիկլինիկա, նոր նշանակեն փորլուծության համար դեղ»:
Բժշկուհին տարակուսած է. «Փոխանակ առողջապահության նախարարությունը պայքարի կեղծ դեղերի դեմ, նման չհիմնավորված գործունեություն է իրականացնում: Ո՞վ չգիտի, որ շատ դեղատներում վաճառվում են Հայաստանում չգրանցված դեղեր, պատկան մարմինները տեղյակ են դրանից, բայց մատը մատին չեն խփում:
Նրա ձեւակերպմամբ, սա անհեթեթ իրավիճակ է, այս ոլորտում չպետք է բիզնես մտածողությամբ առաջ գնալ. «Չեմ կարծում, թե միայն Լեւոն Ալթունյանն է հղացել այս ծրագիրը, նա երեւի մատների արանքով է նայել այդ փաստաթղթին»: Մարինա Խաչատրյանը կոչ է անում բոյկոտել աղմկահարույց որոշումը:
Իրավապաշտպան, «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» հկ-ի նախագահ Արթուր Աթոյանը կարծում է, որ առողջապահության նախարարությունը չի կարողանում տալ հիմնավորումները, որոնք անհրաժեշտություն են առաջացրել նման միջոցառման համար: Նա կարծում է, որ հնարավոր չէ վերահսկել յոթ հազար դեղատների եւ մի քանի հազար բժիշկների գործունեությունը: «Առողջապահության նախարարությունը վայրիվերո մի բան է իրականացնում, որի բացատրությունը չունի»,-ասում է Աթոյանը:
Նա հիվանդներին առաջարկեց կարդալ Աստվածաշունչ եւ հաճախել կիրակնօրյա պատարագների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Դեղատոմսում իրավունք կա նշանակել ոչ հոգեմետ միայն առավելագույնը երկու տեղ վաճառել ???????????
Հարգելի Արա, ոչ թե տեղ, այլ դեղ: Վրիպակ է, հիմա կուղղենք: Շնորհակալություն, որ նկատել եք:
Հարգանքով՝ Գոհար Հակոբյան