Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը պահանջում էր իր թղթերը

Փետրվար 28,2018 11:41

Այսօր խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն ընտրում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:

Քվեարկության մեկնարկից մի քանի րոպե առաջ մոտեցան ՀՀԿ-ական պատգամավորներ Արտաշես Գեղամյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց`առաջի՞նն եք ընտրելու, պարոն Գեղամյան: Արտաշես Գեղամյանն ասաց` չգիտի եւ մեջբերեց Աստվածաշնչից`«Դժվար է ասել, առաջինները կդառնան վերջինները, վերջինները կդառնան առաջինները…»:

Հետո մոտեցան Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը: Մանվել Գրիգորյանը պահանջեց. «Տվեք մեր թղթերը»: «Տեղամասի» մոտ կուտակում էր, հերթեր էին գոյացել:

ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը կատակեց. «Դեղի հերթ է, անալգինի-բանի»: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ քվեարկեց, բայց մոռացել էր քվեաթերթիկը ընտրատուփի մեջ նետել:

Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ ընտրությունն առանց կեղծիքների եւ ընտրակաշառքի է ընթանում`ազատ, արդար, թափանցիկ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներն են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը և Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։

Խորհուրդը նոր մարմին է: Այն պետք է երաշխավորի դատարանների անկախությունը: Նաեւ նախագահին առաջարկելու է դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը ևս այս խորհրդի իրավասության ներքո են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728