Այսօր խորհրդարանն իր աշխատանքները սկսեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Հետո Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է այն համապատասխանեցնել Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց՝ օրենքում նախատեսվա՞ծ է պատասխանատվություն՝ սխալ տվյալների հրապարակման համար: Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ բոլոր դրույթներն էլ ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու համար պատասխանատվություն նախատեսվում է: Մելքումյանն ասաց, որ մեկ գյուղացիական տնտեսությունը, ըստ վիճծառայության տվյալների, մեկ ամսվա ընթացքում 550 դոլարի աշխատանքի արտադրողականություն ունի, այդքան արդյունք է ստեղծում: Եթե այդպես լիներ, իրենք պիտի չշարունակեին իրենց գործունեությունը: Ըստ Մելքումյանի, կա՛մ Վիճծառայության թվերն են սխալ, կա՛մ իրենց են սխալ թիվ ներկայացնում. «Այդ 550 դոլարն այնքան փոքր թիվ է, չի համապատասխանում իրականությանը: Եթե մենք հանենք ծախսերը դրանից, կստանանք մի 150 կամ 200 դոլար: Մի հատ հասկանանք սա ի՞նչ է, եթե ուղղելու բան կա՝ ուղղենք»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ Վիճծառայությունն ասում է, որ մեզ մոտ գնաճը 2,6 տոկոս է, բայց քաղաքացին հասկանում է, որ գնաճը մեզ մոտ իրականում սարսափելի է, այսինքն, ճիշտ տվյալ չի կարողանում ստանալ այդ կառույցից, որը անկախ չի էլ կարող լինել՝ սնվում է բյուջեից: Մելքումյանը, որը նաեւ հարակից զեկուցող էր, պատասխանեց՝ այսինքն, դուք չեք կասկածում Ստեփան Մնացականյանի ազնվության վրա, բայց կարծում եք, կամ համոզված եք, որ նա կարող է վերեւից հրահանգ ստանալ, օրինակ, գնաճը ցույց տալ 2,6 տոկոս. «Ստեփան Մնացականյանը կարո՞ղ է դիմակայել այդ հրահանգներին, թե՞ ինչ հրահանգ ստանա՝ պետք է այդ թիվն էլ հրապարակի»: Մելքումյանն ասաց, որ լիակատար անկախություն չկա ու չկա էլ մեխանիզմ՝ ստուգելու՝ Վիճծառայությունը այդ 2.6 տոկոս գնաճը ճի՞շտ է ներկայացրել, թե՞ ոչ ու պատասխանատվության ենթարկել: Նա ասաց, որ ԱԺ-ն պետք է վերահսկողություն ունենա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ Վիճծառայությունն այն կառույցներից է, որի նկատմամբ կա տոտալ անվստահության անսահմանություն: Նա դիմեց Ստեփան Մնացականյանին՝ ասելով. «Դուք փորձե՞ք եք հասկանալ, թե ինչու ձեր ներկայացրած թվերին՝ լինի աղքատության, գործազրկության, արտագաղթի, լինի գնաճի՝ հանրությունը չի հավատում: Ես փորձել եմ հասկանալ՝ չի հավատում, որովհետեւ այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Երկրում աղքատությունն աճում է, ձեր տրամադրած թվերով աղքատությունն իջնում է, մարդիկ լքում են Հայաստանը չգիտեմ ինչպիսի ամպլիտուդի արագությամբ, դուք տալիս եք կասկածելի թվեր: Գնաճը՝ 2.6 տոկոս՝ ծիծաղելի է, անհարմար է, պարոն Մնացականյան: Օրենքի վրա միգուցե գրեիք՝ այս-այս փոփոխությունները՝ վիրտուալ Հայաստանի համար: Ձեր թվերը այլ Հայաստանի համար են, վիրտուալ Հայաստանի, որտեղ ապրում եք դուք եւ իշխանության ներկայացուցիչները»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ ԱԺ ամբիոնից Հրանտ Բագրատյանն առաջարկել էր Ստեփան Մնացականյանին գնդակահարել. «Իհարկե, ես նման առաջարկով հանդես չեմ գա, բայց ես շատ եմ ցանկանում, որ պաշտոնյան, որն իսկապես պրոֆեսիոնալ է…միշտ ընտրություն կա՝ կամ կատարել իր պրոֆեսիոնալ պարտքը, կամ լինել կամակատար, յուրաքանչյուրն իր ընտրությունը պետք է ճիշտ կատարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ