Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանից 5 ոչխար գողացած կինը պայմանական ազատազրկվեց

Փետրվար 28,2018 10:20
vochxar

Տավուշի մարզի Մովսես գյուղում 1991թ. ծնված, Մովսեսում գրանցված, Շիրակի մարզի Սարատակ գյուղում ամուսնացած, այնտեղ բնակվող Աննա Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դարպասի դռնակը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Մովսես գյուղի բնակիչ, իրենց հարեւան Վաչագան Գրիգորյանին պատկանող ցանկապատված տարածք, այնուհետեւ նույն եղանակով բացել պահեստարան հանդիսացող անասնագոմի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող 5 ոչխարը, պատճառելով 200 հազար դրամի վնաս:

Կինը փորձել է ամուսնու «Ժիգուլի» ավտոմեքենայով ոչխարները տեղափոխել իր բնակության վայր, Շիրակի մարզի Սարատակ գյուղ, սակայն ավտոճանապարհին ոստիկանները նկատելով ավտոմեքենայում գտնվող ոչխարները, բացահայտել են գողությունը:

Ավտոմեքենայի սրահում եւ բեռնախցիկում տեղավորված 5 ոչխարներից մեկը ճանապարհին սատկել է: Կինը ոչխարի տիրոջը փոխհատուցել է անկված անասունի գինը: Ա. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ա. Համբարձումյանը դատարանին միջնորդել է իրեն հանրային պաշտպան տրամադրել, միջնորդությունը բավարարվել է: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատաքննության ընթացքում Ա. Համբարձումյանը  միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Համբարձումյանին պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ նա զղջացել է իր կատարած արարքի համար, հատուցել է Վ. Գրիգորյանին պատճառված վնասը, ունի 2015թ. ծնված երեխա: Փետրվարի 27-ին դատավորը նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը`վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Հավելենք, որ Ա. Համբարձումյանի ամուսինը նշված քրեական գործով վկա էր հանդիսանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728