Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ուղերձներն աշխարհին ու ակնկալիքները գործընկերներից

Փետրվար 28,2018 12:00

160 մլն եվրո ԵՄ-ից՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար

Անցյալ շաբաթ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Նրանք անդրադարձել էին ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականացմանը, քննարկել էին Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։
Այս հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցին «Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների» իրագործման մասին փաստաթուղթը։ Մոգերինին Նալբանդյանին նույնիսկ ասել էր. «Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, փաստաթուղթ ենք ստորագրում»:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` ԵՄ բարձր ներկայացուցիչը շնորհակալություն էր հայտնել Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։ Նալբանդյանն ու Մոգերինին գոհունակություն էին հայտնել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։ Նրանք անդրադարձել էին ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականացմանը, հանգամանալից քննարկել էին ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME եւ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցերը։

Այսպես, Նալբանդյանն ու Մոգերինին ստորագրեցին «Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության առաջնահերթությունների» իրագործման մասին փաստաթուղթը: Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ փաստաթուղթը սահմանում է առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները նոր՝ Եվրոպական միություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ:

Համագործակցության չորս ոլորտներն են՝ Կառույցների հզորացում եւ պատշաճ կառավարում, Տնտեսական զարգացում եւ շուկայի հնարավորություններ, Միակցվածություն, էներգաարդյունավետություն, բնապահպանություն եւ կլիմա, Շարժունություն եւ մարդկանց միջեւ շփումներ: Գործընկերության առաջնահերթությունները առանցքային նշանակություն կունենան մինչեւ 2020թ. Հայաստանին տրամադրվելիք ԵՄ աջակցությունն առաջնորդելու հարցում:
Նշյալ ժամանակահատվածում ԵՄ կողմից Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝ ներդրում կատարելու կրթության եւ նորարարության եւ այլ՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար առանցքային ոլորտներում: «Գործընկերության առաջնահերթությունների միջոցով ԵՄ-ն եւ Հայաստանն ավելի են ընդլայնում առկա ամուր բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: Մեր նոր համաձայնագրի հետ զուգորդված, որը ստորագրել ենք միայն երեք ամիս առաջ Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մենք վերահաստատում ենք դրական արդյունքների ձեռք բերմանն ուղղված մեր համատեղ հանձնառությունը այն ոլորտներում, որոնք իրոք կարող են դեպի դրական փոխել մարդկանց կյանքը թե՛ Եվրոպական միությունում եւ թե՛ Հայաստանում:

Մենք շարունակում ենք ներգրավվածությունն ու գործունեությունը եւ աշխատում ենք այդ հանձնառություններն իրականություն դարձնելու ուղղությամբ»,- նշել է Ֆ. Մոգերինին:
Հանդիպմանը Մոգերինին եւ Նալբանդյանը հնարավորություն ունեցան քննարկելու Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ավելի լայն շրջանակում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պլանները, որը ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաեւ քննարկելու 2020թ. 20 արդյունքների առաջընթացը՝ ասվում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ:

«Ողջունում եմ Գործընկերության առաջնահերթությունների ընդունումը Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ: Այն մեր երկկողմ հարաբերությունների տարբերակման անմիջական արդյունքն է, որը կառուցում ենք փոխադարձ շահերի հիման վրա: Այն ուղի կհարթի մեր փոխհարաբերությունների համար, որոնք նպատակ ունեն շոշափելի օգուտներ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում»,- իր հերթին նշել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:

ՀՀ-ն բանակցություններ է վարում շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ նոր տարանցիկ միջանցքի ձեւավորման շուրջ

Փետրվարի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին, «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկմանը հանդես եկավ ելույթով, որում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձավ նաեւ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ:

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային։ Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ։ Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ արդիականացման բնագավառներում: Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Այժմ կարեւոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ»,- նշեց նա:

Միաժամանակ Ս. Սարգսյանը փաստեց, որ Հայաստանը շարունակաբար ձգտելու է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների եւ կարող են նպաստել Հայաստանի զարգացմանը. «Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաեւ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջեւ: Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձեւավորենք նոր տարանցիկ միջանցք Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում համապատասխանում է մեր ընդհանուր շահերին եւ տնտեսական առաջընթացին»: Ս. Սարգսյանը ելույթն ամփոփեց հետեւյալ գնահատականով. «Մեր հասարակության մեջ ձեւավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության եւ տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ»:

«Որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, որեւէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել»,- վստահեցնում է Ս. Սարգսյանը

Ս. Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում, ինչպես հայտնի է, պատասխանել էր նաեւ քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: «Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերը նրան հարց էր ուղղել՝ նկատելով. «…Մի կողմից՝ դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013-ին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը եւ նոր գործընկերություն էր ստեղծել: Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել: Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր օրինակը»:
Ի պատասխան Ս. Սարգսյանը պարզաբանել էր. «Երբ մենք ԵՄ-ի հետ սկսեցինք մեր բանակցությունները, մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, եւ մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միությանը` այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար: Մենք դա հնարավոր էինք տեսնում: Եվ երբ «ե՛ւ, ե՛ւ»-ի սկզբունքը փոխարինվեց «կա՛մ, կա՛մ»-ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր:

Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր: Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձայնագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները եւ Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը եւ Ուկրաինայի դերակատարությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ` մենք չենք հրաժարվել այդպիսի համաձայնագիր ստորագրելուց, եւ փառք Աստծո, որ դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, եւ այդպիսի որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը: Եվ այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ: Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ եւս ընդգծենք՝ մենք որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որեւէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, եւ ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք եւ չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»:

«Ինչու Հայաստանի դեպքում նույնը չպատահեց, ինչ Ուկրաինայում»

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ՝ Մյունխենի համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը կարեւոր ելույթներից էր, որն, ըստ նրա, աչքի էր ընկնում կառուցողականությամբ եւ հավասարակշռվածությամբ: «Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնել Սերժ Սարգսյանին իր հրաշալի ելույթի համար, քանի որ նա իր կառուցողական ներդրումն ունեցավ քննարկմանը, հավասարակշռված եւ պատասխանատու վերլուծություն կատարեց այն մասին, թե ինչ է կատարվում հենց Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանային հարաբերություններում, ինչպես նաեւ ավելի գլոբալ կոնտեքստում, որտեղ Հայաստանն անկասկած իր ուրույն դերն ունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Կոսաչովը: Նրա խոսքով՝ ներկաների ուշադրության կենտրոնում հենց Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն էր, այսինքն՝ այն փորձը, որով Հայաստանը համադրում է իր մասնակցությունը ե՛ւ ԵԱՏՄ, ե՛ւ ԵՄ ինտեգրացիոն գործընթացներին: «Սա իսկապես դեռեւս միակ եւ ունիկալ դեպքն է»,- նշել էր Կոսաչովը՝ հիշեցնելով Ուկրաինայի փորձը. «Հայաստանի դեպքում նույնը չպատահեց, եւ այս համաձայնագիրը համապատասխանեցվեց Հայաստանի շահերին համագործակցության իր ամբողջ սպեկտրով՝ հաշվի առնելով նաեւ նրա պարտավորվածությունները ԵԱՏՄ-ում: Հենց սա այն օրինակն է, թե ինչպես կարելի է գործել՝ գտնելով լուծում դժվար եւ թերեւս բավականին նուրբ հարցերում՝ նորմալ եւ կառուցողական ճանապարհով: Մենք 2012-2013թթ. մինչեւ Ուկրաինայի ճգնաժամը առաջարկեցինք ԵՄ-ին եւ Ուկրաինային կազմակերպել նման քննարկում ինչ-ինչ հակասություններից խուսափելու համար. այն ժամանակ ԵՄ-ն մեզ կոշտ պատասխան տվեց, որ դա քննարկման ենթակա չէ, դա այդ հարաբերությունների ներքին հարցն է, եւ բոլորս գիտենք՝ ինչի սա հանգեցրեց»:

Առհասարակ, հարկ է նկատել, որ վերջին շրջանում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ եվրոպական երկրներում «թրենդային» թեմա է դարձել ոչ միայն ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա արդյունավետ համագործակցությունը, այլեւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության անհրաժեշտության մասին համոզմունքը:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի փետրվարի 28-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 27.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728