Վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց Կարեն Կարապետյանը, ուսումնասիրելով պետական ապարատի ներուժը, դժգոհություն հայտնեց պետական հատվածում աշխատողների որակական հատկանիշներից:
Օրերս «ՕքսԵՋեն» հիմնադրամը հրապարակեց «Կանանց աշխատանքային իրավունքները Հայաստանում» հետազոտությունը, որը, թերեւս, մասամբ տալիս է վարչապետին հուզող հարցի պատասխանը:
Այսպես` Հայաստանում աշխատանքի եւ զբաղվածության ոլորտի գենդերային վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած կանանց բարձր կրթական մակարդակին՝ նրանց ներդրումը երկրի տնտեսական զարգացման մեջ զգալիորեն ավելի ցածր է իրենց իրական ներուժից: Այսինքն` հետազոտության հեղինակները պարզել են, որ գործնականում կանայք գրեթե չեն ներազդում քաղաքական որոշումների կայացման վրա եւ ոչ բավարար չափով են ներգրավված կառավարման եւ զարգացման գործընթացներում:
Զեկույցի մասնագետները կարծում են, որ մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումն անմիջականորեն ազդում է երկրի զարգացման գործընթացների ու մրցունակության վրա:
«Խոչընդոտները, որոնց կանայք բախվում են աշխատանքի շուկայում, հանգեցնում են մարդկային կապիտալի ոչ լիարժեք օգտագործման եւ տնտեսական կորուստների ոչ միայն կանանց եւ նրանց ընտանիքների, այլեւ ամբողջ հասարակության համար»,- այսպիսի եզրահանգման են եկել զեկույցի մասնագետները: Ըստ նրանց՝ բացի այն, որ Հայաստանում կանանց վերապահված է տնային տնտեսությունների խնամակալների դերակատարումը, գործատուների կողմից ցուցաբերվող խտրականությունն էլ մի կողմից է կանանց մասնակցությունը սահմանափակում աշխատուժի շուկայում:
Վերլուծությունները ցույց են տվել, որ տնտեսության պետական հատվածում թեեւ զբաղված են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ, այդուհանդերձ կանանց 39,2 տոկոսն աշխատում է ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով, որի պատճառը ընտանեկան պարտականություններն են:
Կանանց` աշխատաշուկայում պակաս ներգրավված լինելու պատճառներից մեկն էլ, ըստ զեկույցի հեղինակների, մեր երկրում գործազրկության բարձր մակարդակն է: ԱՊՀ երկրներից Հայաստանում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է: Կանանց շրջանում այն 17,8 տոկոս է, իսկ տղամարդկանց շրջանում` 18,1 տոկոս: Ընդ որում, պաշտոնապես գրանցված գործազուրկների 67,8 տոկոսը կանայք են, եւ երկարատեւ գործազրկության մակարդակը հատկապես բարձր է կանանց շրջանում` կազմելով գործազուրկ կանանց 62 տոկոսը:
Զեկույցը նաեւ պարզել է, որ մեր երկրում ղեկավար պաշտոններ զբաղեցնող տղամարդիկ գերազանցում են կանանց 2,4 անգամ: Կանայք ավելի շատ են ներգրավված բարձր եւ միջին որակավորում պահանջող աշխատանքներում, քան տղամարդիկ: Հեղինակները նաեւ մատնանշում են աշխատավարձերի տարբերությունները, ինչը նույնպես գենդերային խտրականության արդյունք է: Ի դեպ, գենդերային տարբերությունները նկատելի են նաեւ կենսաթոշակների չափերում` չնայած որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը կանանց եւ տղամարդկանց համար կենսաթոշակային միասնական տարիք է սահմանել 63 տարեկանը:
2016 թվականին կենսաթոշակի միջին չափը կանանց համար կազմել է 39 հազար 165 դրամ, տղամարդկանց համար` 42 հազար 313 դրամ:
Ըստ զեկույցի հեղինակների՝ գենդերային բացը հատկապես բարձր է 25-49 տարիքային խմբում, ինչը նույնպես հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով` հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք, տնային տնտեսությամբ ծանրաբեռնվածություն եւ այլն:
Վերլուծությունները ցույց են տվել, որ տնտեսապես ոչ ակտիվ կանանց մեծ մասը տնային տնտեսուհիներ են: 2016 թվականին 15-75 տարեկան կանանց 47 տոկոսը չի ունեցել աշխատանք եւ չի փնտրել` հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ:
«Կանայք կատարում են տնային տնտեսություններում չվճարվող աշխատանքի մեծ մասը, որը չի ստանում արժեքային որեւէ գնահատում եւ չի արտացոլվում ազգային հաշիվների համակարգում: Դրա հետ մեկտեղ տնտեսապես ոչ ակտիվ կանանց մոտ 40 տոկոսն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն»,- ասվում է նշյալ զեկույցում:
Ի դեպ, հետազոտությունները փաստում են, որ եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ եւ ոչ թե իրենց կամքով կամ իրենց կամքին հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով, ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելի կլիներ:
Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ ընտանեկան պարտականությունների եւ կարիերայի համատեղման հարցում պետական աջակցության միջոցներն անբավարար են, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ընտանեկան հանգամանքներով չաշխատողների 98 տոկոսը կանայք են: Նրանց կարծիքով՝ ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրն էլ գենդերային խտրականության խնդիրները չի վերացնի, քանի որ կանանց հիմնախնդիրներին առնչվող սակավաթիվ հիշատակումներ կան եւ միայն մեկ` «Աշխատանք եւ սոցիալական քաղաքականություն» գլխում է տեղ գտել գենդերային ուղղորդմանը վերաբերող կետը, այն է. «Մինչեւ 2022 թվականի ավարտը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման նպատակով ինտեգրել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում սեռի հատկանիշներով բաղադրիչը, ներդնել իրավիճակի գնահատման եւ մոնիթորինգի գործիքները»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
27.02.2018