Եթե նույնիսկ ընդունեն, որ հայցը բավարարվում է, ապա ինչպես է հնարավոր գոյություն չունեցող, ՀՀ-ում որպես իրավունքի սուբյեկտ չճանաչված ինչ-որ մեկի նկատմամբ կիրառել դատական հարկադրանքի միջոցներ:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը «Փաստինֆո» լրատվական գործակալության դեմ հայցը հունվարի 31-ին բավարարել է մասնակի:
Վճիռը «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում տեղադրվելուց հետո փորձենք անդրադառնալ կողմերի դիրքորոշումներին, պահանջներին ու առարկություններին:
Վճռով դատարանը պարտավորեցրել էր այս գործով երկրորդ պատասխանողին՝ Ջուլիետա Հակոբյանին, «Տարեց կինը բողոքել է փաստաբանի դեմ` պահանջելով վճարված գումարը. փաստաբանն արձագանքում է» հոդվածում հրապարակված տեղեկությունները` կապված հայցվոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ղեւոնդ Պապոյանի հետ, այն է` «Ջուլիետա Հակոբյանը գտնում է, որ փաստաբան Ղեւոնդ Պապոյանը իր վստահությունը չարաշահելով վերցրել է 580.000 ՀՀ դրամ գումար եւ որեւէ գործողություն չի կատարել», հերքել:
Հայցը մնացած մասով մերժվել էր անհիմն լինելու պատճառով:
Ըստ հայցվոր փաստաբանի՝ «Փաստինֆո» գործակալությունը 2017թ. մարտի 1-ին կայքի եւ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով տարածել է «Տարեց կինը բողոքել է փաստաբանի դեմ՝ պահանջելով վճարված գումարը, փաստաբանն արձագանքում է» վերտառությամբ հոդվածում տեղ էին գտել զրպարտություն պարունակող տեղեկություններ, որոնք արատավորում, նվաստացնում, նսեմացնում են իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար բարի համբավը։ Այդ տեղեկություններն էին. «Ջուլիետա Հակոբյանը գտնում է, որ փաստաբան Ղեւոնդ Պապոյանն իր վստահությունը չարաշահելով՝ վերցրել Է 580.000 ՀՀ դրամ գումար եւ որեւէ գործողություն չի կատարել»:
Հայցվորի կարծիքով. «Տվյալ դեպքում իր վերաբերյալ հրապարակային ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալներ, դրանք սուտ, անհիմն եւ ոչ հավաստի տվյալներ են, որոնք արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը»։
Հոդվածում նշված տվյալները արատավորող են, քանի որ դրանցում բովանդակում են գործող օրենսդրության պահանջների, մասնավորապես` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի եւ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքով» նախատեսված կանոնների խախտման, էթիկայի պահանջերին հակասող վարքագծի դրսեւորման մասին տեղեկություններ, բացի այդ, նշված հոդվածում հրապարակված տվյալները, մասնավորապես` վստահությունը չարաշահելով գումար վերցնելու մասին, բովանդակում են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի եւ թույլատրելի ապացույցներով, իրական չեն, նվաստացնում եւ նսեմացնում են իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը։
Ղ. Պապոյանը հայտնել էր, որ նշված հրապարակման մեջ Ջուլիետա Հակոբյանից 580.000 ՀՀ դրամը վստահությունը չարաշահելով վերցնելը եւ որեւէ գործողություն չկատարելը զրպարտություն են, որոնք արատավորում, նվաստացնում, նսեմացնում են իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար բարի համբավը։
Փաստաբան հայցվորը պահանջել էր նաեւ փոխհատուցում:
Հայցը դատարանի վարույթ էր մտել տպագրվելուց երեք օր հետո: Նույն օրն էլ որոշում էր ընդունվել գործը նախապատրաստել դատաքննության:
Ի դեպ, եղել էր նաեւ միջնորդություն` գործն ըստ ընդդատության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին, ինչը դատարանի կողմից մերժվել է:
Հայցվորի տեղեկացմամբ, Ջուլիետա Հակոբյանը 580.000 ՀՀ դրամը վճարել է 09.03.2015թ. կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի հիման վրա, եւ այդ պայմանագրի շրջանակներում էլ նրան՝ Ջուլիետա Հակոբյանին մատուցվել է պայմանագրով նախատեսված լիարժեք փաստաբանական ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, հացադիմումի կազմում եւ դատական ներկայացուցչություն: Նրա օգտին 27.05.2015թ. քաղգործով կայացվել է դատական ակտ, որի հիման վրա Ջուլիետա Հակոբյանը դարձել է բնակելի տան համասեփականատեր։ Ջուլիետա Հակոբյանին մատուցվել է անվճար փաստաբանական ծառայություններ, ուղղվել է նրա անձնագրում թույլ տրված անվան սխալը։
Պատասխանող «Սի-Էմ-Ջի» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը դատարանին հայտնեց, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն` պատասխանողներ են քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել։ Հիշյալ իրավանորմը հանդիսանում է դատավարական հարաբերություններում քաղաքացիական իրավունքի այն դոգմատիկ սահմանման արտացոլումը, ըստ որի` քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտներ են հանդիսանում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք (նաեւ համայնքները եւ ՀՀ-ն)։
Ըստ նրա, հայցվորն իր հայցն ուղղել է «Փաստինֆո» գործակալության դեմ, սակայն «Նման սուբյեկտ, նման կազմակերպաիրավական ձեւ ունեցող իրավաբանական անձ ՀՀ-ում գոյություն չունի»։
Ըստ Դ. Դանիելյանի, «Իրավաբանական անձանց տեսակները» սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածում, որտեղ բացակայում է հայցվորի մատնանշած անվանումով կամ դրան համապատասխանող որեւէ իրավաբանական անձի տեսակ։ Հետեւաբար հարց է բարձրացրել. արդյո՞ք նման հայցը կարող է քննվել, առավել եւս՝ բավարարվել. «Եթե նույնիսկ ընդունեն, որ հայցը բավարարվում է, ապա ինչպես է հնարավոր գոյություն չունեցող, ՀՀ-ում որպես իրավունքի սուբյեկտ չճանաչված ինչ-որ մեկի նկատմամբ կիրառել դատական հարկադրանքի միջոցներ»։
Նա առարկել էր հայցի դեմ, ասելով, թե «Փաստինֆո» գործակալության դեմ ներկայացված հայցապահանջը ենթակա է մերժման՝ քաղաքացիական իրավունքի նման սուբյեկտ գոյություն չունենալու փաստի ուժով։
Ի դեպ, հղում էր կատարվել ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. օգոստոսի 1-ի թիվ 3-1222 որոշմանը: Դատարանի գնահատմամբ՝ «Մրցակցային դատավարությունում պատշաճ պատասխանող ներգրավելը պետք է լինի միմիայն հայցվորի պարտականությունը, կամ նման ներգրավում պետք է կատարել հայցվորի միջնորդության հիման վրա։ Ոչ պատշաճ պատասխանողի դեմ ներկայացված հայցը ենթակա է մերժման։ Այս հարցում դատարանի ակտիվ դերակատարությունը կարող է վտանգել դատավարության մրցակցությունը եւ խաթարել դրա էությունը»։
Դատարանում նշվել է, որ «pastinfo.am»-ը պատկանում է «Սի-էմ-Ջի» ՍՊ ընկերությանը, դրանով հանդերձ, վիճարկվող հոդվածում Դ. Դանիելյանի պնդմամբ առկա չէ լրատվամիջոցի կողմից հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ կամ գործարար համբավն արատավորող որեւէ տեղեկատվություն եւ այդ կապակցությամբ վերջինիս համար որեւէ պատասխանատվություն առաջանալ չի կարող։
Առարկություններում նշվել է նաեւ. «Հայցվորի կողմից վիճարկվող հոդվածում ներառված որեւէ տեղեկատվության մասով առկա չէ զրպարտության համար անհրաժեշտ փաստակազմը»։
Պատասխանողի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունն էր հրավիրել հոդվածի հետեւյալ մասին` «Ջուլիետա Հակոբյանը գտնում է…», ինչի կապակցությամբ շարունակել է. «ըստ այդմ ապացուցման ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է այն, թե իրոք Ջուլիետա Հակոբյանը նման պնդում կատարում կամ կատարել է, թե՝ ոչ։ Այն, որ Ջուլիետա Հակոբյանը նման պնդում կատարում է, հաստատել է հենց հայցվորը, ավելին` վերջինս նույնիսկ հոդվածում հրապարակված իր խոսքում է նշել, որ Ջուլիետա Հակոբյանը տարբեր տեղեր բողոքներ է գրել:
Ուստի լրատվամիջոցը չի կարող ծանրաբեռնվել կամ կրել Ջուլիետա Հակոբյանի պնդման իրականությանը համապատասխան լինելու կամ հերքելու պարտականությամբ»։
Պատասխանողի վերջնական մոտեցումը հետեւյալն էր. «Այլ անձանց կողմից հայտնած տեղեկությունների հրապարակման համար լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկելու հայցվորի պահանջը եւ դրա հնարավոր բավարարումը կխախտի լրատվամիջոցի եւ լրագրողի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով եւ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության իրավունքը»։
Վերոգրյալի առումով դատարանը հարկ է համարում մեջբերել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները:
Միջազգային, ՄԻԵԴ-ի տասնյակ որոշումների մասին հղումներ են դրվել դատարանի իրավական գնահատականների հիմքում: Մասնավորապես ¥«Thoma v. Luxembourg», գանգատ թիվ 38432/97, 29-ը մարտի 2001 թվական, պարբ. 64)՝ այս գանգատի. «Լրագրողներին ներկայացվող ընդհանուր պահանջը, այն է` պարբերաբար եւ պաշտոնապես հեռավորություն պահպանել մեջբերման բովանդակությունից, որը կարող է վիրավորական կամ սադրիչ լինել այլոց համար կամ վնասել նրանց հեղինակությունը, անհամատեղելի է նորությունների, կարծիքների եւ գաղափարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մամուլի դերի հետ»:
Դատարանը գտնում էր, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ, նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում. «Երբ մարդու հեղինակությունը վնասված է, խախտվում է անձի մասնավոր կյանքի իրավունքը, եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն «մրցակցող» շահերի միջեւ՝ հաշվի առնելով անձի անմեղության եւ բարեվարքության կանխավարկածը» (Pfeifer v. Austria, գանգատ թիվ 12556/03, պարբ. 35)»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
27.02.2018