Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ:
– Պարոն Օրբելյան, օպերային թատրոնի ձեր տեսլականն արդյոք ունի՞ կոլեկտիվի հավանությունը:
– Այն, ինչ այսօր արվում է օպերային թատրոնում, բնականաբար, նախապես քննարկվում է գեղարվեստական խորհրդի նիստում եւ ստեղծագործական խմբերի հետ, ներկայացվում են ծրագրային առաջնահերթություններն ու հետագա պլանները: Նման քննարկումները պարբերական բնույթ են կրում: Արդյունքում իրագործվում են այն ծրագրերը, որոնք հավանության են արժանանում նման քննարկումների ընթացքում: Մեր կոլեկտիվում աշխատող, ստեղծագործող յուրաքանչյուր անհատ ցանկանում է տեսնել մեր թատրոնը մշտապես բարձր մակարդակի վրա: Եթե այդպես չլիներ, ապա պարզապես անհնար կլիներ մեկ ընդհանուր տեսլականի շուրջ համախմբել հայաստանյան ամենամեծ ստեղծագործական կոլեկտիվը:
– Հայաստանյան իրականությունը մի քիչ տարբեր է, դուք այլ արժեքների կրող եք եւ այլ իրականության ծնունդ, այդ ամենը չի՞ խանգարում ձեր աշխատանքին:
– Ընտանիքում լավ դաստիարակություն ստացած անհատները նույն արժեհամակարգի կրողներն են եւ նման անհատների համատեղ, համակարգված աշխատանքը միայն հաջողություն է բերում: Ես հպարտ եմ իմ ազգային պատկանելությամբ, ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին եւ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում հայկական մշակույթի զարգացմանը նպաստելու ինձ ընձեռված բացառիկ հնարավորությանը: Այն հանգամանքը, որ ես ծնվել, ուսում եմ ստացել եւ երկար տարիներ աշխատել եմ տարբեր երկրներում, ձեռք եմ բերել մասնագիտական փորձ աշխարհի հեղինակավոր արվեստագետների հետ համատեղ ելույթներով, նպաստավոր պայմաններ է ստեղծում թատրոնի ստեղծագործական կազմի համար կատարելագործվելու եւ տվյալ ոլորտում համաշխարհային միտումներին համընթաց ընթանալու համար՝ ապահովելով թատրոնի զարգացումը: Իմ՝ ԱՄՆ-ում ծնված լինելու հանգամանքը չխանգարեց ԽՍՀՄ մշակույթի նախարարության պաշտոնյաներին 1990 թվականին ինձ նշանակել ԽՍՀՄ պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Այդ նվագախմբի հետ աշխատեցի մոտավորապես 20 տարի: ԽՍՀՄ-ում, այնուհետեւ Ռուսաստանում նման պատասխանատու աշխատանք վստահել, ապա 2016 թվականին Հայաստանում օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականին նույն թատրոնի տնօրեն նշանակել են, հավանաբար նկատի ունենալով, որ արտասահմանյան երկրներում իմ աշխատանքային փորձը կարող է օգնել այդ կոլեկտիվների զարգացմանը: Ինձ վաստահված այդ աշխատանքները ես արել եւ անում եմ սիրով ու նվիրվածությամբ:
– Ռուդոլֆ Խառատյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դուք հետաքրքիր մարդ եք, հոգնել եք թատրոնում եղած հարաբերություններից, քաշքշուկներից, չգիտեք թատրոնի էությունը, թե ֆունկցիոնալ առումով ինչպիսին պետք է լինի այն, կիսո՞ւմ եք նրա կարծիքը:
– Նա՝ որպես թատրոնի բալետմայստեր, պետք է սերտ համագործակցի թատրոնի գլխավոր բալետմայստերի եւ բալետային խմբի ղեկավարի հետ, իր առաջարկությունները, մտահոգությունները կիսի նրանց հետ եւ եթե որեւէ խնդիր առաջանա, ապա քննարկի ինձ հետ։ Իսկ նա վերջին անգամ ինձ մոտ հանդիպման եկել էր 2017 թվականի հունիսին:
Թատրոնը մեծ կոլեկտիվ է, այստեղ աշխատում են արտիստական խառնվածք ունեցող անհատներ: Աշխարհի բոլոր թատրոններում էլ կան ստեղծագործող անհատականություններին բնորոշ մասնագիտական անհամաձայնություններ, քննարկումներ: Նունն էլ մեր թատրոնում է եւ դա սովորական աշխատանքային գործընթաց է: Թատրոնում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ստեղծագործական եռուզեռ է: Պատրաստվում ենք բարձր մակարդակով նշել Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանը:
Հարկ է նշել, որ 2017 թվականին ավելացել է թատրոն հաճախողների թիվը եւ մեկ ներկայացման համար դահլիճի միջին բեռնվածությունը կազմել է 69,5%, պլանավորված 55%-ի փոխարեն: Սրան նպաստել են մեր նոր ներկայացումները՝ «Դիմակահանդես», «Լա Բոհեմ» եւ վերականգնված «Պողիկտոսը», ինչպես նաեւ «Երեւան օպերա ֆեստ» առաջին միջազգային օպերային փառատոնը, որին մասնակցում էին Մետրոպոլիտեն օպերայի մենակատարներ Բարբարա Ֆրիտոլին, Ստիվեն Կոստելոն, Ռադիոն Պողոսովը, Գեորգի Գագնիձեն եւ Մեծ Բրիտանիայից դիրիժոր Քրիս Ռասմանը եւ համաշխարհային մասշտաբի օպերային աստղերի մասնակցությամբ համերգները: Իսկ ֆունկցիոնալ առումով ես շատ լավ եմ պատկերացնում թատրոնի գործունեությունը, քանի որ կյանքիս մեծ մասը հենց թատրոնում եմ անցկացրել:
– Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է փոխել օպերային թատրոնում եւ ինչի՞ կարիք ունի այն:
– Այն, ինչ փոփոխության ենթակա է, փոխվում է ժամանակի թելադրանքով: Եթե չկա փոփոխություն, չկա նաեւ առաջընթաց: Թատրոնը կարիք ունի նոր խաղացանկային ներկայացումների եւ հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք: Մասնավորապես՝ թատրոնը նախապատրաստվում է հայտնի բեմադրիչ Անդրեյ Ժագարսի «Մանոն» ներկայացման առաջնախաղին, որի առաջնախաղը Մոսկվայում կայացել է 2016 թվականին: Ներկայացումը բեմադրելու իրավունքը ստացել ենք Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից եւ այն հատուկ նախատեսված է մեր թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանի համար, որը Դե Գրիեի դերակատարման համար ստացել է «Ոսկե դիմակ» մրցանակը:
Շուտով թատրոնում նորովի կբեմադրվի «Կարմեն» օպերան եւ իտալացի հայտնի բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ՝ Մոցարտի «Կախարդական սրինգը»: Հենց այս 2 ներկայացումներով էլ թատրոնը 2018 թվականի սեպտեմբերին կմեկնի Դուբայ հյուրախաղերի:
Թատրոնը պատրաստվում է նաեւ Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի բեմադրությանը: Ակտիվ աշխատանքներ են տարվում մանկական ներկայացումներ բեմադրելու ուղղությամբ: Նախապատրաստվում է ցուցադրել Հենրիխ Մայորովի բեմադրությամբ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետը, որը, չգիտես ինչու, երբեւէ չի բեմադրվել Հայաստանում, ներկայումս ցուցադրվում է Եվրոպայի եւ Ռուսաստանի լավագույն թատրոններում: Եվ մենք կունենանք առաջին մանկական ներկայացումը:
Հարցազրույցը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
27.02.2018