Արվեստագետների, մասնավորապես՝ երաժիշտների մասին ասում են, թե նրանք տառապում են «հյուրախաղային» հիվանդությամբ: Ասվածի մեջ, ինչ խոսք, ճշմարտություն կա: Բայց կան այնպիսիները, որոնք իսկապես համերգներով հանդես են գալիս հիմնականում արտասահմանում:
Մեր զրուցակիցը՝ շուրջ տասը տարի բեմական ստեղծագործական գործունեություն ծավալած դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինա Վարդանյանը, հենց նման երաժիշտներից է: Մասնագետներն առանձնացնում են դաշնակահարուհու մասնակցությունը հատկապես հեղինակավոր մրցույթներից երկուսին՝ Նյու Յորքի Քարնեգի հոլում կայացած American protege (առաջին մրցանակ) եւ Իտալիայում անցկացվող Շոպենի անվան (2-րդ մրցանակ): Նշում են նաեւ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ այլուր երաժշտի հաճախակի մասնակցությունը փառատոներին նույնպես, շեշտելով նրա պրոֆեսորի՝ ճանաչված մանկավարժ Կետի Մալխասյանի անունը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Մարինա Վարդանյանը, որը նոր է վերադարձել Ճապոնիայից, իր արտասահմանյան բուռն գործունեությունը «արդարացրեց» հրեա մենեջերի հետ համագործակցելով (անունը չբարձրաձայնեց): «Միջազգային բեմելս սկսվել է հենց մենեջերի աշխատանքի շնորհիվ: Հանդես եմ գալիս մենահամերգներով եւ կամերային երաժշտության երեկոներով: Խոստովանեմ, որ վերջինս ինձ ավելի սրտամոտ է՝ կամերային արվեստին բնորոշ է արտահայտչամիջոցների նուրբ մանրամասնումը, քանի որ կամերային երաժշտությունը տիրապետում է քնարական հույզեր, հոգեկան վիճակների նրբին փոփոխություններ հաղորդելու մեծ հնարավորությունների»,- հայտնեց մեր զրուցակիցը: Ապա հավելեց. «Կամերային ստեղծագործություններ մեկնաբանելիս հանդես եմ գալիս այլազգի երաժիշտների ընկերակցությամբ: Եղել են նաեւ ելույթներ ամերիկաբնակ ալտահար Լիլիթ Մուրադյանի, գերմանաբնակ ջութակահար Դիանա Զոհրաբյանի հետ, համերգներում ներկայացել եմ նաեւ հայաստանցի թավջութակահար Աշխեն Գասպարյանի հետ: Չեմ հիշում գոնե մեկ մենահամերգ կամ կամերային երեկո, որ վերջում հնչեցրած չլինեմ Կոմիտաս: Օրինակ, Չինաստանում սոպրանո Վու Մեյի ընկերակցությամբ, որն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ելենա Վարդանյանի դասարանը, այլ ստեղծագործությունների թվում դարձյալ հնչեցրինք Կոմիտասի ստեղծագործություններից: Կամերային տարբեր միջազգային կազմերով ելույթներ եմ ունեցել Վարշավայում, Կոպենհագենում, Բեռլինում եւ այլուր»: Ի դեպ, շրջագայությունների ժամանակ մեր զրուցակիցը հանդիպել է նաեւ անակնկալների, օրինակ՝ Շանհայում փորձի ժամանակ նրան է մոտեցել ճապոնացի ճանաչված մի լուսանկարիչ եւ ֆոտոսեսիա առաջարկել, ինչն իր կյանքում առաջին անգամ էր եւ սիրով համաձայնել է:
Զրույցի ընթացքում դաշնակահարուհին տեղեկացրեց նաեւ, թե «Նարեկացի» արվեստի միությունում մարտի 2-ին կկայանա երեկո՝ իր եւ թավջութակահար Աշխեն Գասպարյանի մասնակցությամբ, կհնչեն Կոմիտասի, Բաբաջանյանի, Պիացոլայի եւ ճապոնացի ժամանակակից կոմպոզիտոր Մայումի Կատոյի ստեղծագործությունները: Հետո էլ մանրամասնեց, որ Տոկիոյում վերջերս կայացած մենահամերգում այլ ստեղծագործությունների թվում ներկայացրել է նաեւ ճապոնացի կոմպոզիտորի երկեր:
Հետաքրքրությանը, թե հրեա մենեջերի հետ որտե՞ղ է ծանոթացել, մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ դա տարիներ առաջ էր՝ Վիեննայում, կամերային երաժշտության երեկոյի ժամանակ: Իսկ թե մենեջերի մտքով երբեւէ չի՞ անցել, որ գուցե Իսրայելում մենահամերգներ կազմակերպելուց բացի, հայ երաժշտին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Հայաստանում, արվեստագետը միայն ասաց, թե երբեւէ Իսրայելում հանդես չի եկել, իր մենեջերին էլ ասել է՝ դա կլինի միայն այն դեպքում, եթե ձեր կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանությունը:
Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին, թե հայաստանցի երաժիշտները «տառապում» են մենեջեր ձեռք բերելու «մոլուցքով», դաշնակահարուհին հակադարձեց. «Ցանկացած հարցում իմ կողքին են ծնողներս»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
27.02.2018