Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր երաժիշտ, «Սասնա ծռեր» շարժման համակիր Եղիշե Պետրոսյանը, որը եւս մասնակցել է հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Սարի թաղ կայացած երթին, չհարցաքննվեց:
«Առավոտյան ինձ էլ են ձերբակալել՝ այն մեղադրանքով, թե քարեր եմ նետել: Իրականում ես Սարի թաղ չեմ էլ հասել՝ ճանապարհին առողջական վիճակս վատացել է, շտապօգնությունը եկել է՝ տարել է տուն: Ես 12 օր հիվանդանոցում ձերբակալված եմ եղել՝ այն դեպքում, երբ Սարի թաղում չեմ եղել»,-հուլիսյան դեպքի առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանը:
Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին՝ նա ասաց. «Դատախազն անկարգություններից է խոսում…կուզեի հարցնել՝ քաղաքացիական հագուստով «տաբլետկա» կուլ տվողներին, որոնց մի մասը ոստիկանությունից էին, մյուս մասն էլ, ինչպես ասում էին, քրեական աշխարհից, հարցրե՞լ են, թե այդ անկարգություններն ինչպես կազմակերպվեցին»:
Եղիշե Պետրոսյանը համոզված է, որ Անդրիաս Ղուկասյանի գործը շինծու է: Նա վստահեցրեց, որ նպատակ չեն ունեցել երթի օրը միանալ ՊՊԾ գնդին, ինչպես մեղադրանքում է նշվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ