Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևին արդարացնելու համար ադրբեջանցի պատվիրակը հայտարարել է, թե ինքը սյունեցի է. մանրամասներ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանից

Փետրվար 27,2018 21:00

Վիեննայում փետրվարի 21-24-ն անցկացված՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն առանց միջադեպ չի ընթացել:

Այն, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ)՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստին Վիգենինը հարավային Կովկաս այցի ընթացքում հանդիպել է նաև ԼՂՀ ԱԺ նախագահի և թալիշեցիների հետ, ադրբեջանցիներն այսպես ասած, ծանր են տարել:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի տեղեկացմամբ՝ այս առիթով ադրբեջանցիները հակափաստարկներ են ներկայացրել նաև ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ: Հայտարարել են, թե ԼՂ-ն չճանաչված պետություն է:

Aravot.am-ը տիկին Նաղդալյանին խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել: Նա արձագանքեց. «Միջադեպ չի եղել: Ադրբեջանական պատվիրակության անդամ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը փորձում էր արդարանալ: Մեր մոտեցումն է այն՝ այսօր հարց բարձրացնել այդ մասին, որ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է և նրա խորհրդարանի հետ գործ չպետք է ունենալ, ժամանակավրեպ մոտեցում է: 1994-95-ին հենց Ադրբեջանը, ստորագրելով հրադադարի պայմանագիր, որի տակ դրվել է ՀՀ և ԼՂՀ ԱԺ խորհրդարանների նախագահների և Ադրբեջանի ստորագրությունը, այդ ժամանակ ճանաչել է ԼՂՀ-ն: Այնպես որ, սա արդեն գնացած գնացք է»:

Հարցին՝ արդյոք ադրբեջանցի պատվիրակները դժգոհե՞լ են՝ նշելով, թե Հայաստանի պատվիրակները չեն կարող ԼՂՀ տերմինն օգտագործել, քանի որ այն միջազգայնորեն չճանաչված պետություն է, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «ԼՂ տերմինն օգտագործելու համար որևէ մեկին մեղադրել չեն կարող, քանի որ ԼՂ-ն կամ ԼՂ հակամարտությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ ԵԱՀԿ կողմից ընդունված բառապաշար է: Ոչ թե ասել են՝ ինչու եք օգտագործում ԼՂՀ, այլ ասել են, թե ինչու պետք է հատուկ ներկայացուցիչը հանդիպում ունենա ԼՂ ներկայացուցիչների հետ: Կամ, եթե ուզում եք ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպում ունենալ, դա կարող են միայն անել Ադրբեջանի համաձայնությամբ:

Դա սկզբունքային դիրքորոշում է, և դա մենք ունեցել ենք նախկինում: Քրիստին Վիգենինին ներկայացրել ենք՝ որպես մեր նախապայման, մեր պատկերացում այն գործունեության մասին, որ հատուկ ներկայացուցիչը կարող է ունենալ: Մեր պայմանավորվածությունները նույնպես այնպիսին են, որ հատուկ ներկայացուցիչը իր այցի շրջանակներում հանդիպում պիտի ունենա ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչների հետ: Սա մեր սկզբունքն է: Բանավեճը հենց սրան էր վերաբերում: Եթե խոսքը մեղադրանքների մասին է, ապա Ազայ Գուլիևն ինքն էր արդարանում, արդարացնում Իլհամ Ալիևին՝ ասելով, թե իրենց նախագահն այսպես չի արտահայտվել, այնպես չի արտահայտվել»: Հավելենք, որ Իլհամ Ալիևին արդարացնելու համար Ազայ Գուլիևն անգամ հայտարարել է, թե ինքը սյունեցի է և չի կարողանում վերադառնալ իր ծննդավայրը:

Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728