Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դեռևս նմանը չունեցող սրճարան՝ Գյումրու պատմական կենտրոնում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 27,2018 20:30

Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան ճեմափողոցի վրա, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ հունիսից կգործի սրճարան, որտեղ կաշխատեն ու իրենց խոհարարական կարողությունները ի ցույց կդնեն միայն հաշմանդամություն ունեցող երիտասարդները։

Նկատենք, որ Գյումրին աշխատաշուկա չունեցող քաղաքի է վերածվում, այստեղ համապատասխան աշխատանք չեն կարող գտնել երիտասարդներից շատերը, ուստի այս առումով անչափ գնահատելի է Եվրամիության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի ներդրումը Գյումրիում։

Միջազգային այս կառույցների ֆինանսավորմամբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին վերապատրաստելու ու նրանց աշխատաշուկա ուղղորդելու «Առաջին ներառական փուռ և սրճարան» անվանումն ունեցող ծրագիրը։

Մենք այսօր «Էմիլի Արեգակ» կենտրոնում ականատես եղանք, թե ինչպես էին հաշմանդամություն ունեցող երիտասարդները խոհարարություն անում, հաց թխում։ Իհարկե, կան նաև երիտասարդներ, որոնք փայտագործությամբ են զբաղվում։

Aravot.am-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» « Էմիլի Արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը մանրամասնեց․ ««Առաջին ներառական փուռ և սրճարան» ծրագրի գաղափարն է՝ ստեղծել հնարավորություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Այդ հնարավորությունը ստեղծել վերապատրաստումների և նաև մեր սոցիալական բիզնեսի միջոցով։ «Փուռ և սրճարանը» սոցիալական բիզնես է լինելու, որտեղ որ հաշմանդամություն ունեցող երիտասարդները վերապատրաստվելու են և անցնելու են աշխատանքի։ Արդեն ձեռք բերած եկամուտը ուղղորդելու ենք կենտրոնի կարիքները հոգալու համար։ Առաջին կոմպոնենտը «Սրճարան և փուռ» ծրագիրն է, նախատեսում ենք և մեծ հույս ունենք բացել հունիս ամսին։ Քաղաքի հենց սրտում է իրականանալու՝ Աբովյան փողոցում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց։

Մենք ուզում ենք ամենակենտրոնում լինել, քանի որ ցույց ենք տալու մեր կարողությունները։ Իրենց կարողությունների համար ստեղծել են հնարավորություններ։ Մեր խոսքն է՝ տվեք մեզ հնարավորություն, և մենք ցույց կտանք մեր կարողությունները։ Մենք այդ հնարավորությունը ստեղծում ենք և ոչ միայն «Սրճարան և փուռով», այլ նաև համագործակցելով մասնագիտական կրթություն իրականացնող կառույցների հետ, դրանք քոլեջներն և ուսումնարաններն են։ Մի քանիսի հետ համագործակցել ենք և շատ մեծ հույս ունենք, որ այլ կառույցների ևս կներգրավվենք։ Մարտին նախատեսում ենք ուսումնարանների և քոլեջների տնօրենների հրավիրել կենտրոն, հուշագրի ստորագրում կամ համագործակցության առաջին քայլը կլինի։

Մեզ աջակցում է Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն տիկին Ադամյանը, նրա աջակցությամբ պիտի ցույց տանք գործատուներին, որ այսպիսի հնարավորություն կա, կան երիտասարդներ, որոնք վերապատրաստվում են։ Եվ, իհարկե, մասնագիտական կրթություն իրականացնող կենտրոնների տնօրեններին ենք ասելու, որ կա երիտասարդների խումբ, որոնց պետք է տանք հնարավորություն, որ սովորեն ձեր մոտ՝ չվախենալով, որ երիտասարդը կարող և վնասի։ Շատ հաճախ վարպետներն ասում են՝ միգուցե վնասի ինքն իրեն աշխատելով, ասենք գործիքից, մենք այդ վախն ենք հաղթահարում»։

Մեր դիտարկմանը, թե գործատուները շատ դժվարությամբ են աշխատանքի վերցնում հաշմանդամություն ունեցող մարդկանց, մեր զրուցակիցն ասաց․ «Դրա համար մենք կլինենք առաջին գործատուն, որը ցույց կտա, որ այս երիտասարդներն ունեն հնարավորություն և իրենք կարողունակ են, ովքեր որ աշխատաշուկայում կարող են նպաստել մեր երկիր զարգացմանը։ Լինելով քաղաքի կենտրոնում՝ մոդել ենք հանդիսանալու․ ամենահիգենիկ պայմաններում արտադրվելու է ամենահամեղ հացն ու մատուցվելու է ամենահամեղ սուրճը, մենք պարծենալու ենք դրանով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728