Գանձակի ինքնապաշտպանության ղեկավար Գրիշա Օգանեզովի համոզմամբ, եթե Սումգայիթյան հանցագործությունը դատապարտված լիներ, ամբողջ Ադրբեջանում թուրքերը չէին շարունակի ջարդել հայերին:
Նա հիշեց, որ մինչեւ ջարդերը ադրբեջանցիները Գանձակում բնակվող բոլոր հայերի մասին տեղեկություններ էին հավաքում, նոյեմբերի 21-ին հարձակվեցին հայերի վրա. «Շենքում կային և թուրք և հայ բնակիչներ, համապատասխան ցուցակներով մտնում էին միայն հայերի բնակարաններ ու ջարդ կազմակերպում»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նկատեց, որ Կովկասում հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ամբողջ 20-րդ դարում բարդ է եղել, հետեւաբար, հասկանալի էր, որ գետը որոշվեց դարձնել սահման, և մի մասում ստեղծվեր հայ թաղամաս, մյուս կողմում՝ թուրքի թաղամաս:
«Թուրքի թաղամասի բազմաբնակարան շենքերում 5000-ից ավելի հայ կար և նրանց ճակատագիրն էր վտանգված: Եվ երբ Սումգայիթը եղավ, կիրովաբադցիների գիտելիքը, թե ինչ է եղել մինչ այդ, դարձավ շատ որոշիչ ու դրդեց ինքնապաշտպանվելու: Պարետային ռեժիմում շատ դժվար էր գնալ, գտնել պատսպարված հայերին, ովքեր սեղանի տակ, խորդանոցում էին պատսպարվել, չէին վստահում, դռներ չէին բացում: Այդ ամբողջ խառնաշփոթում տիրում էր բացարձակ տեղեկատվական մեկուսացում, ոչ մի տեղեկություն Կիրովաբադի մասին չէիք տեսնի այդ շրջանում ոչ ադրբեջանական մամուլում, ոչ էլ ԽՍՀՄ մամուլում: Միմիայն նոյեմբերի 24-ին Կիրովաբադից փախչում են երկու մարդ և կարողանում հասնել Հայաստան, որտեղ Օպերայի շենքում Գերագույն Խորհրդի նիստ էր ընթանում, ու այդ նիստի ժամանակ պատմում, թե ինչ է կատարվում Կիրովաբադում»:
Ազգագրագետի խոսքով, Խորհրդային Ռուսաստանը ունի հսկայական դերակատարություն այդ իրադարձություններում, քանի որ, եթե համապատասխան պաշտպանողական միջոցառումները իրականացվեին Ռուսաստանի կողմից, և նախ և առաջ Սումգայիթում, այդ ամենը տեղի չէր ունենա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ