Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Գեւորգ Կոստանյանը նուրբ հոգի ունի. ԱԺ-ում Կոստանյանի մեծարման երեկոն է

Փետրվար 27,2018 19:40

ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկվում խորհրդարանում: Այդ պաշտոնում առաջարկվել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իր կարծիքով հանձնաժողովի նախագահը պետք է ունենա սկզբունքայնություն, լինի համարձակ, սկզբունքային, ունենա գիտելիքներ, բարձր պրոֆեսիոնալիզմ, թիմայի մտածողություն: Նա ասաց, որ Գեւորգ Կոստանյանը հենց այդպիսին է եւ բացի այդ, նա երբեք իր բաժին պատասխանատվությունը վրայից չի գցել, երբեք իշխանությանը կամ ընդդիմությանը սիրաշահելու խնդիր չի ունեցել:

Շարմազանովը հայտարարեց. «Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո կոռուպցիոն ռիսկերը նվազել են»: Նա ասաց, որ դատախազը, դատախազի տեղակալը նրա օրոք կոռումպացված չեն եղել եւ մամուլում էլ այդ մասին ոչինչ չկա:

Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ շատ հարցերում իրեն ընդդիմադիրները ավելի հեշտ են համոզել, քան Կոստանյանին: Նա խոսեց Կոստանյանի սկզբունքայնության մասին եւ ասաց, որ եթե այդ սկզբունքայնության հետ պրոֆեսիոնալիզմ չլիներ, դա կարող էր դիտարկվել որպես պնդաճակատություն:

Թովմասյանն ասաց, որ կապ չունի Կոստանյանը որտեղ է աշխատել, այդ կառույցի պատիվն իր համար ամենագլխավորն է եղել. «Կարող է ականատեսների մոտ թվացյալ տպավորություն լինի, որ կտրուկ լինելը Կոստանյանին կարող է խանգարել, որովհետեւ հանձնաժողովի նախագահը, երբեմն, կոմպրոմիսներ փնտրելու, սուր ծայրերը հարթելու, նիստը այնպես վարելու, որ դրանք չեզոքանան, գլխավորի շուրջ համախմբում ստանալ՝ դրա համար մի առանձնահատուկ գիծ պետք է լինի նախագահի մոտ, վստահ եմ, Կոստանյանը դա շատ արագ ձեռք կբերի: Նա շատ լավ բանակցող է նաեւ»:

Աժ-ում աշխուժություն առաջացավ, երբ Հրայր Թովմասյանն ասաց, որ Կոստանյանն իր սկզբունքայնության, այս կտրուկության հետ շատ նուրբ հոգի ունի եւ շատ նրբանկատ է: Հասկանալով, որ արդեն ժանրը շեղվում է՝ Թովմասյանը Կոստանյանի նուրբ հոգու թեման փակեց՝ ամփոփելով, որ Կոստանյանը նախանձելի ճկունություն ունի նոր իրավունքի ճյուղի նյուանսներն արագ ընկալելու:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց. «Ես հասկացա, թե մենք 18:30-ի նիստը ինչու ենք հրավիրել՝ Գեւորգ Կոստանյանի մեծարման ցերեկույթն է, հետո նաեւ երեկոն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728