ՀՀ վարչական դատարանում այսօր հետաձգվեց գնդեվազցիներն ու հ/կ-ներն՝ ընդդեմ կառավարության. Ամուլսարի գործը:
Aravot.am-ի հետ զրույցում հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց՝ նախորդ դատական նիստը շատ երկար տևեց, և իրենց նիստն այդպես էլ չսկսվեց ու հետաձգվեց:
Հիշեցնենք՝ 2015 թվականի ապրիլից ի վեր Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բազմաթիվ քաղաքացիներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների դեմ՝ վիճարկելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմք հանդիսացող փաստաթղթերը: Մասնավորապես, վիճարկվում է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և որպես հետևանք՝ Ամուլսարի շահագործման համար հիմք ծառայող թույլտվությունները:
Առանձին պահանջով վիճարկվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության իրավաչափությունը:
Հետաքրքրվեցինք՝ գործն ի՞նչ հանգրվանի է հասել, պարոն Ալումյանը պատասխանեց. «Մենք ալտերնատիվ եզրակացություն ենք ներկայացրել, միջնորդություն ենք ներկայացրել, որ դատարանը փորձաքննություն նշանակի, բայց դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց, հետո այն մերժեց: Ուստի որոշեցինք ինքնուրույն դիմել և ստացանք եզրակացություն: Վերջերս մի հատ էլ եզրակացություն ներկայացրինք արդեն տրված միջազգային փորձագետների կողմից »:
Հարցին՝ինչպե՞ս է դատարանը պատճառաբանում միջնորդության մերժումը, պարոն Ալումյանը պատասխանեց, թե իրենք համաձայն չեն մերժման հետ. «Մենք մեր կողմից քայլեր ենք անում, որ դա նվազագույնս անդրադառնա մեր հայցի վրա, փորձում ենք ստանալ և, ինչպես նշեցի, ստացել ենք եզրակացություններ»:
Հարցին՝ դատավորի կողմից միտում տեսնո՞ւմ են մերժման առումով, որպեսզի իրականությունը չբացահայտվի, պարոն Ալումյանը պատասխանեց. «Ամենաքիչը, ում վրա կուզեի կասկածել նման դեպքերում, հենց այս նախագահող դատավորն է: Բազմաթիվ ուրիշ դատավարությունների հարցով էլ առայժմ նման բան մտածելու հիմք նա չի տվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ