Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողին եւ նրա մերձավորներին պաշտպանելու համար Քրեական օրենսգրքում փոփոխություն կկատարեն

Փետրվար 27,2018 19:00

Որպեսզի լրագրողները եւ նրանց մերձավորները պաշտպանված լինեն, իսկ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձինք էլ, որոնք խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվությունից ու պատժից չխուսափեն, Քրեական օրենսգրքում կառավարությունը փոփոխություն է նախատեսում: Այն կառավարության մարտի 1-ի նիստում կներկայացնի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Փոփոխության կենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասը, որով, ըստ պարոն Հարությունյանի, կհստակեցվի ամրագրված իրավանորմը:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում` նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար:

Ինչպես տեղեկանում ենք նախագծից, հոդվածի 3-րդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքները լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու համար:

Այսինքն` օրենսդիրը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված պայմանները միաժամանակ: Այնինչ, լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, եթե անգամ կատարվել է պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից, օժտված է հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով, ուստի, Դավիթ Հարությունյանի համոզմամբ, առկա է նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն.

«Հատկանշական է, որ հիշյալ ծանրացնող հանգամանքը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածում լրացվել է 2010 թվականին` պայմանավորված լրագրողի մասնագիտական օրինական գործունեությամբ պայմանավորված` վերջինիս կամ նրա մերձավորի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի դեմ առավել արդյունավետ եւ համարժեք միջոցներով պայքարելու անհրաժեշտությամբ, մինչդեռ հոդվածի դիսպոզիցիայում առկա ոչ հստակ ձեւակերպման պայմաններում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով որակելը դառնում է խնդրահարույց այն դեպքերում, երբ հանցագործության սուբյեկտը պաշտոնատար անձ չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728