Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Կամ մենք ամբողջական ենք, կամ…»

Փետրվար 27,2018 18:50

«Հրեաներն ազգ են, քանի որ ի վիճակի են լինում իրենց ունեցած ողջ պոտենցիալը ուղղել մեկ նպատակի: Մի կողմ թողնենք թե որն է այդ նպատակը»,- այսօր «Հոգեւոր Հայաստանի» կազմակերպած համաժողովում ունեցած ելույթում ասաց նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Կկարողանանք այս կերպ ապրել` բանախոսի կարծիքով`կշահենք, այլապես, նկատում է`«մենք ապրում ենք մի տարածաշրջանում ցիվիլիզացիայի անիվը միշտ անցել է մեր վրայով»:

«Կամ մենք ամբողջական ենք, կամ… Մենք զանգը հնչեցրել ենք, ասել ենք`փշրվել է սիրիական սփյուռքը, որը մայր սփյուռք էր ողջ սփյուռքի համար»,- կրկին ահազանգ է հնչեցնում Վարդան Խաչատրյանը`նկատելով. «Մենք իսկապես լուսակիր ազգ ենք, ոչ թե կովկասյան մի ժողովուրդ, որը պատմության մեջ փայլող դաշույնների միջով է անցնում»:

Վարդան Խաչատրյանը, սակայն չի թերագնահատում դաշույնի դերն ու նշանակությունը:

Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանն էլ իր խոսքում նկատեց. «Մենք այսօր ունենք հիվանդ հասարակություն, թվում է թե իրենից ոչինչ չներկայացնող: Սկսել ենք իրարից զզվել, իրար նախանձել, չունենք իրար հետ ապրելու մշակույթ»: Այս դիտարկումները դուր չեկան ներկաներից մեկին ու նա ընդվզեց. «Ես իմ հասարակությունը հիվանդ չեմ համարում, ես տեսնում եմ խնդիրները եւ պայքարում եմ»:

«Մեր ցանկությունն այն է, որ այնպես ձեւավորենք արարատյան մարդուն, որն ունենա նժդեհյան արիություն, այնպիսի բարոյականություն, որի մասին Տերյանն ու Թումանյանն են խոսել»,- նաեւ ասել էր Եղիշե Պետրոսյանը: Իր պատկերացումները նա պրոյեկտեց եվրատեսիլյան մրցույթի վրա, որի համար Հայաստանում դաժան պայքար է ընթանում: «Ես շատ ուրախ եմ, որ Սեւակը պիտի գնա`անկախ որեւէ բանից, նրա արածը կմնա մեր մշակույթի շրջանակում»:

Եղիշե Պետրոսյանը կոչ արեց բոլորին. «Պարտք ունենք սերունդների առջեւ եւ պետք չի սխալները ուրիշի վրա նետենք: Եկեք միահամուռ ուժերով կերտենք մեր Հայքը, մեր երազած երկիրը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728