Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումիում, Սանկտ Պետերբուրգում, Աստանայում

Փետրվար 27,2018 18:35

Աստանա

Փետրվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում մի քանի տասնյակ հայեր և դեսպանության ղազախստանցի բարեկամներ ծաղիկներ խոնարհեցին Աստանայի մերձակայքում գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարի գերեզմանատանը տեղադրված Խաչքարի մոտ։

Իր ելույթում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հիշեցրեց, որ «Սումգայիթը» կազմակերպել էին ադրբեջանական իշխանությունները՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու՝ արցախահայության սահմանադրական և խաղաղ նախաձեռնության: Դեսպանը նաև հավելեց, որ այսօր հայկական ջարդերի կազմակերպիչների հետնորդները նույն անմարդկային ցինիզմով փորձում են խուսափել քաղաքական ու բարոյական պատասխանատվությունից՝ կեղծելով պատմությունը և գլխիվայր շրջելով փաստերը:

Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը, որը 1988թ. փետրվարին որպես կուրսանտ ծառայության էր կոչված Սումգայիթում, պատմեց, թե ինչ զարհուրելի իրավիճակ էր ստեղծված հայության համար Ադրբեջանում։

Խաչքարի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որից հետո Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակիցներն այցելեցին Հայաստանի դեսպանատուն, որտեղ ցուցադրվեցին այդ իրադարձությունների մասին պատմող վավերագրական տեսանյութեր և լուսանկարներ։

Բաթում

Փետրվարի 25-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքային կառույցների մասնակցությամբ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ կայացան միջոցառումներ: ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված:

Անմեղ զոհերի հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքերով ներկաների առջև ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, համայնքի այլ ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած եղեռնագործությունները, միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի չարժանանալով, հանգեցրին Կիրովաբադում (նոյեմբեր 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.) և այլ վայրերում հայերի կոտորածներին: Նա խոսեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ՀՀ հետևողական դիրքորոշման մասին:

Արարողությունների ավարտին, մասնակիցները տեղափոխվեցին Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվեց փաստագրական ֆիլմ սումգայիթյան եղեռնագործության մասին:

Սանկտ Պետերբուրգ

Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, որի ընթացքում Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ավարտից հետո ծաղիկներ դրվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշարձանին:

Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ և կուրսանտներ, Սանկտ Պետերբուրգի հայտնի գիտական և մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այնուհետև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգաիթի զոհերի հիշատակին նվիրված երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին, դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը, որը շարունակվում է մինչ այսօր, և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728