Դատապարտված եւ կալանավորված անձանց առողջությունը պահպանելու, նրանց պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու, սպասարկման ծառայություն մատուցելու նպատակով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մի նախագիծ է ներկայացրել կառավարություն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Պարոն Հարությունյանը կառավարության համաձայնությունն է ակնկալում` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն` ՊՈԱԿ ստեղծելու նպատակով: Նա վստահեցնում է, որ այդ ՊՈԱԿ-ի միջոցով կարող են բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնել:
ՊՈԱԿ-ի միջոցով նախարարության պատասխանատուները նաեւ մտադիր են կալանավորված անձանց եւ դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների եւ առողջ ապրելակերպի քարոզչություն կատարել:
Նախագծում, ՊՈԱԿ բացելու անհրաժեշտությունը, Դավիթ Հարությունյանը նաեւ բացատրում է քրեակատարողական համակարգում կադրերի դեֆիցիտով. «Քրեակատարողական ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներկայումս առկա են քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություններ, թափուր աշխատատեղեր եւ արդյունքում աշխատող անձնակազմի աշխատանքային գերծանրաբեռնվածություն, ինչն անուղղակիորեն զրկում է ազատությունից զրկված անձանց ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից»:
Եթե կառավարությունը նախագիծը հաստատի, ապա ՊՈԱԿ-ն իր գործունեությունը կսկսի 2018 թվականի հուլիսի 1-ից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ