ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանի փետրվարի 27-ի ելույթը հայտարարությունների ժամին
Մինչ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր սպառնալիքներն ու անհեթեթ պահանջները, մենք տոնում ենք Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Արդեն 30 տարի է, ինչ շարունակվում է հայատյացության քարոզչությունը, բայց Արցախը զարգանում է և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և՛ իր մշակույթով:
Մյունխենի անվտանգության 54-րդ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հերթական զարգացումն էր Հայաստանի քաղաքական կյանքում, և պատահական չէ, որ այն նաև հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Նախագահի ելույթը հստակ ուղերձ էր ադրբեջանցիներին, որը հասել էր հասցեատերերին, որի վկայությունը միջազգային հանրության արձագանքն էր:
Հայաստանը երբեք չի եղել միջազգային հակամարտություններից այսրոպեական օգուտներ քաղող երկիր, մենք վստահելի ու կայուն գործընկեր ենք եղել բոլոր նրանց համար, ովքեր փոխշահավետ կամ բարեկամական հարաբերություններ են ցանկացել ունենալ Հայաստանի հետ:
Վերջերս Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձև, համաձայն որի այն «ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և կոչ է անում Նիդերլանդների կառավարության անդամ նախարարին ապրիլին այցելել Հայաստան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելու համար»: Ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը գնալով համալրվում է, հստակ է, որ մեր արդար պայքարին միանում են շատ երկրներ: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների և քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր: Հետևաբար՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի «այլևս երբեք» կարգախոսը ասելու վճռականությամբ իր հետևողական ներդրումն է ունենում հանուն բոլորիս միավորող նպատակի՝ ցեղասպանության կանխարգելման՝ միջազգային հանրության այդ առաքելության առավել լիարժեք իրականացման, ինչպես նաև միջազգային ճնշումն ավելի ակտիվացնելու հայատյաց քաղաքականության նկատմամբ:
Տարիներ շարունակ մեր արտաքին և ներքին քաղաքականությունը միտված է եղել Հայաստանի ներկային և ապագային, իսկ Հայաստանի ապագան աշխարհի առաջ բաց Հայաստանն է, աշխարհի հետ արդիական գործիքներով և մտահղացումներով, արդիական գաղափարներով գործակցելու և մրցակցելու պատրաստ Հայաստանն է, տեխնոլոգիական աշխարհում իր տեղն ու դերն ունեցող Հայաստանն է, աշխարհի հետ փոխադարձ կոմունիկացիաներ հաստատած Հայաստանն է, աշխարհի մեջ դավադրություն փնտրելու փոխարեն մարտահրավերները բացահայտելու, ընկալելու և լուծումներ գտնելու Հայաստանն է, համաշխարհային գործընթացներում իր մտավոր արդյունքը բերող Հայաստանն է:
Հայաստանն այսօր կայուն և հստակ քաղաքականությամբ գնում է դեպի այդ ապագան:Ուրեմն առաջ, և բարի ընթացք մեր երկրի բոլոր զարգացումներին: