Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Կիեւի մրցաշարը ուժեղ կազմ էր հավաքել»

Փետրվար 27,2018 17:13

Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ըմբիշները նվաճեցին վեց մեդալ: 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալի:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատեց իր ղեկավարած թիմի մասնակցությունը Կիեւում անցկացված միջազգային մրցաշարում:

«Մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել եւ ծառայեց նպատակին: Շատ երկրներ՝ Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան ներկայացել էին հավաքականների առաջին կազմով: Մենք լիարժեք մրցումային պատրաստվածությամբ չէինք գնացել Կիեւ, քանի որ մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը ճիշտ պատրաստվելն է: Մասնակցում էինք ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստվածության ընդհանուր ֆոնի վրա: Մեր տղաներն ընդհանուր առմամբ լավ մասնակցեցին: Իհարկե, նկատվեցին նաեւ թերություններ: Երիտասարդներն ուրախացրին, միեւնույն ժամանակ տեսա նաեւ նրանց բաց կողմերը: Այդ ամենը վերացնելու համար պետք է աշխատանք տարվի: Մնում է՝ նախապատրաստության հաջորդ փուլերը լավ անցկացնենք», -ասաց գլխավոր մարզիչը:

Հարցին, թե Կիեւի մրցաշարում ըմբիշների առջեւ անպայման հաղթանակի հասնելու առաջադրանք դրված չէ՞ր, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Մենք ցանկացած մրցման մասնակցում ենք հաղթելու նպատակով: Բայց քանի որ հիմա նոր քաշային կարգեր են եւ փոփոխված կանոններ, տղաները պետք է այդ փորձարկումներն անցնեն: Յուրաքանչյուր ըմբիշ այս ամենն իր օրգանիզմի վրա պետք է զգա եւ հասկանա: Ըմբշամարտում այս նոր մոտեցումները նրանց համար դեռ անսովոր են: Մարզիկը որքան էլ փորձառու լինի, այս ճանապարհը պետք է անցնի: Սա էր Կիեւում մեր հիմնական նպատակը Եվրոպայի առաջնությունից առաջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728