Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Շուշիում չորս թանգարան է գործում

Փետրվար 27,2018 17:10

Պատմական Շուշի քաղաքում, պատերազմի վերքերը սփոփելուց հետո, արցախցիները ձեռնամուխ եղան նաև մշակութային կյանքի զարգացմանը: Մշակութային Շուշին նոր շունչ ստացավ: Այսօր քաղաքում չորս թանգարան է գործում` Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը: Մշակութային օջախները այցելուներին ներկայանում են հայկական մշակույթի լավագույն դրսևորումներով:

Այդ թանգարանների գործունեությունը համակարգող «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստաբան Լուսինե Գասպարյանը, խոսելով Կերպարվեստի թանգարանի մասին, նշել է, որ այն բացվել է 2013թ. մայիսի 9-ին` պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ:

Թանգարանի շենքը կառուցվել է Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները: Հավաքածուն կազմված է նվիրատվություններից: Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցանկը և ներկայացվող աշխատանքների ընդգրկուն աշխարհագրությունը` Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն:

Արժեքավոր են հատկապես թանգարանում պահվող նշանավոր արվեստագետների գործերը (Մ. Սարյան, Ն. Գառզու, Է. Շահին, Ժանսեմ, Հ. Հակոբյան, Դ. Բուռլյուկ, Ա. Շևչենկո, Ա. Սաֆոխին, Դ. Պլավինսկի և այլք): «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ Կերպարվեստի պետական թանգարանում այսօր 630 ցուցանմուշ կա: Դրանց թիվն անընդհատ ավելանում է նվիրատուների շնորհիվ:

Թանգարանների ուշադրության կենտրոնում են հանրակրթական դպրոցների հետ կրթական ծրագրերը: Հաճախակի են կազմակերպվում այցեր թանգարաններ, որտեղ դպրոցականները մասնակից են լինում գիտակրթական միջոցառումների, ինտելեկտուալ խաղերի անցկացմանը: Շուշիի թանգարաններն իրենց հյուրընկալ դռները սիրով են բացում նաև ժամկետային զինծառայողների առջև:

Խոսելով 2018 թ. նախանշված միջոցառումների մասին` տիկին Գասպարյանը նշել է, որ Կերպարվեստի թանգարանում կկազմակերպվեն անհատական ցուցահանդեսներ, դասական համերգներ, կինոդիտումներ, գեղանկարի և քանդակի սիմպոզիումներ, մշակութային, կրթա-դաստիարակչական միջոցառումներ: Թանգարանի միջազգային նախագծերից է հայտնի շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի սիմպոզիումը, որն այս տարի կանցկացվի 6-րդ անգամ:

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի գործունեությանն առհասարակ, ապա, ինչպես տնօրենն է նշում, սերտորեն համագործակցում են Հայաստանի պատմության թանգարանի հետ: Նախանշված է գործակցություն նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հետ:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ 
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728