2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր բանավեճ տեղի ունեցավ պաշտպանական եւ մեղադրող կողմերի միջեւ:
Խնդիրն այն էր, որ դատարան էր ներկայացել երաժիշտ, «Սասնա ծռեր» շարժման համախոհ Եղիշե Պետրոսյանը, որը հուլիսի 29-ի երթի վերաբերյալ պետք է ցուցմունք տար որպես վկա, սակայն նրա հարցաքննությունը չկայացավ:
Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց մեղադրող կողմի առաջադրած վկաների՝ մինչ օրս դատարանում կայացած հարցաքննությունները համարել բավարար եւ այլեւս վկաների չհարցաքննել՝ ելնելով գործի քննության ողջամիտ ժամկետներից: Դատավոր Վարդան Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց, ըստ այդմ՝ Եղիշե Պետրոսյանը չհարցաքննվեց, մինչդեռ նա պաշտպանական կողմի առաջադրած վկան էր:
«Դիրիժորությունը մեղադրողն է անում եւ որոշում, թե ում պետք է հարցաքննել, իսկ ում՝ ոչ»,-դժգոհեց Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը, ապա հավելեց,-«ստացվում է՝ նա ասում է, որ Եղիշե Պետրոսյանը չպետք է ցուցմունք տա: Պետրոսյանն իր առաջադրած վկան չէ եւ Անդրիաս Ղուկասյանին արդարացնող ցուցմունքներ է տվել նախաքննության ընթացքում: Նրա ցուցմունքներով բազմաթիվ կեղծիքներ ի հայտ կգան: Այդ պատճառով մեղադրողը չի ուզում, որ նա հարցաքննվի դատարանում»:
Դատավորը չհամաձայնեց՝ ասելով, որ Եղիշե Պետրոսյանի հարցաքննությունը կկայանա, բայց ոչ թե հիմա, այլ՝ դատաքննությունը լրացնելու փուլում. «Կարող եք հանգստանալ, ձեր վկաները կհարցաքննվեն»: Կարեն Մեժլումյանին, սակայն, դատավորի պատասխանը չգոհացրեց: «Ե՞րբ, մի տարի հետո՞»,-ասաց նա:
Բանավեճը հասավ նրան, որ դատավորն արդեն բարձր տոնով սկսեց սաստել պաշտպանին, վերջինս էլ պնդեց, որ Անդրիաս Ղուկասյանի իրավունքներն են ոտնահարվում:
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ արձագանքեց Մեժլումյանի դիտարկումներին. «Հորդորում եմ չխոսել սպառնալիքների տոնով: Կեղծիքների մասին իրականություն գոյություն չունի»: Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ