Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք հանկարծ իմանաք կամ փորձեմ մանրամասնել, թե ինչ պատմություններ են եղել…». Գագիկ Հարությունյան

Փետրվար 27,2018 16:51

Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածության հարցի քննարկումն ԱԺ-ում ավարտվեց: Վաղն առավոտյան փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն իրենց դիրքորոշումը կհայտնեն:

Ինչպես տեղեկացրել ենք, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ֆեմիդա շոու» էր ցույց տվել խորհրդարանում՝ ասելով, որ ուզում ենք արդարադատություն, բայց ունենալու ենք դատական համակարգ, որը ոչինչ չի լսում, չի տեսնում ու չի ասում:

Իր ամփոփիչ ելույթում Գագիկ Հարությունյանն անդրադարձավ Փաշինյանի տարածած լուսանկարներին: Մինչ այդ նա ասաց, որ ինքը համաձայնել է այս պաշտոնին, որովհետեւ մտավախություն ունի, որ սահմանադրական լուծումները չեն հասցնի անհրաժեշտ հանգրվանին եւ եթե այս ոլորտում ձախողում լինի, մյուս ոլորտներում հաջողություն չի լինի:

Գագիկ Հարությունյանն ասաց, որ հիմա քչերն են պատկերացնում, թե ինչ ասել է իրավունքի գերակայություն ապահովել երկրում: Մեր իրավական պրակտիկան դրա օրինակն է: Նա ասաց, որ եթե մարդիկ կան, որ թերահավատ են իր նկատմամբ՝ օբյեկտիվ է, եթե կան մարդիկ, որ քաջատեղյակ չեն նրան, ինչ արվել է՝ դա նույնպես օբյեկտիվ է. «Ես այն տեսակներից չեմ, որ իմ հետեւից փոշի բարձրացնեմ: Ես փորձել եմ անել առավելագույնը՝ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնք ունեցել եմ: Եթե ինչ-որ տեղ հանդիպել եմ դիմադրողականության, ապա սկզբունքորեն պայքարել եմ մինչեւ վերջ: Եթե դուք հանկարծ իմանաք կամ փորձեմ մանրամասնել, թե ինչ պատմություններ են եղել…դրանք իմն են եւ ժամանակինը: Բայց այսօր կասեմ միայն մի բան՝ այստեղ ներկայացվեց երկու նկար եւ թերահավատություն արտահայտվեց, որ մեր ակնկալած պատկերը սա է: Մեր խորհուրդը պետք է աշխատի այնպես, որ պարոն Փաշինյանը ստիպված լինի թուղթ ու գրիչը վերցնի ու նոր մի նկար նկարի եւ հետո ցույց տա, որ ակնկալում էինք սա, իրականությունը եղավ սա»:

Գագիկ Հարությունյանն ընդդիմադիրներին նրբորեն հանդիմանեց, որ իրենք էլ իրենց թեկնածուներին չեն ներկայացրել, մրցակցություն կլիներ:

Մյուս թեկնածուն՝ Գեւորգ Դանիելյանն էլ Փաշինյանին ասաց, որ երբ խոսում է ճշմարտության հետ հարաբերվելու մասին, պետք է մինչեւ վերջ ճշմարիտ լինել եւ ներկայացնել իր պատասխանը այնպես, ինչպես հնչել է:

ԱԺ-ում նաեւ քննարկվեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը՝ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացրել ենք,  Հրայր Թովմասյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնի համար է ներկայացվել, ուստի իր զբաղեցրած պաշտոնում առաջադրվել է Կոստանյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728