Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հուսով եմ, որ մի քանի ամսից առավոտյան աշխատանքի գալիս ես Ձեզ կասեմ՝ բոն ջիոռնո». Արմեն Ամիրյանը՝ Ռիտա Գոնելլիին

Փետրվար 27,2018 16:49

«Հուսով եմ, որ մի քանի ամսից առավոտյան աշխատանքի գալիս ես Ձեզ կասեմ՝ բոն ջիոռնո ( իտալերեն ողջույնի ձև է. խմբ)»,- դիմելով Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության ներկայացուցիչ Ռիտա Գոնելլիին, ասաց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Ռիտա Գոնելլին և նրա ղեկավարած՝ Բոլոնիայի համալսարանի պատվիրակության դասախոսական կազմի անդամները հնգօրյա աշխատանքային շաբաթ կանցկացնեն Հայաստանում, որի արդյունքում ՀՀ մշակույթի նախարարության հետ կմշակեն Հայաստանում բացվելիք Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ծրագիրը ( ենթակա է ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների հաստատմանը, որից հետո Կենտրոնը կսկսի գործել) ։

Կենտրոնը ստեղծելու համատեղ հայտարարությունը 2016 թ. նոյեմբերի 8-ին ստորագրել են Իտալիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Պաոլո Ջենտիլոնեին և Էդվարդ Նալբանդյանը։ ՀՀ կառավարությունն ապագա Կենտրոնի համար տարածք է հատկացրել Երևանում՝ մշակույթի նախարարության շենքի առաջին հարկում։

Պատվիրակության հետ հանդիպմանը նախարար Ամիրյանը փոխանցեց, որ հայկական կողմը վաղուց պատրաստ է հաջորդ քայլերին, և վաղուց սպասում էր աշխատանքային այս այցին։ Նախարարն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է մարտ ամսվա վերջին կամ ապրիլի սկզբներին արդեն ստորագրել փաստաթուղթը և կատարել Կենտրոնի բացումը։ Բայց եթե վարչատեխնիկական հաստատումները ժամանակ են պահանջում, կարելի է նպատակահարմար ժամանակ ընտրել ապրիլի 24-ից մայիսի 28-ը.

«Մայիսի 28-ին տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, և այդ օրերին Երևանում օտարերկրյա շատ այցելուներ ենք ունենալու։ Նաև՝ սփյուռքահայ։ Կուզենայի, որ նրանք այցելեին եզակի այս Կենտրոն»,- ասաց նախարարը։

Որպես Կենտրոնի գործընկեր Միլանի պոլիտեխնիկ համալսարանին փոխարինել է Բոլոնիայի համալսարանը, որը տվյալ հարցերին առավել մշակութային մոտեցումներ ունի, վստահեցրին պատվիրակության՝ Բոլոնիայի համալսարանից ներկայացուցիչները։

Կենտրոնի նպատակն է միջազգային մասնագետների մասնակցությամբ հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման բնագավառում հիմնել նորագույն սարքավորումներով հագեցած մասնագիտական նոր ենթակառուցվածք, նպաստել նեղ մասնագիտական վերականգնողական դպրոցների պահպանմանը (օրինակ, որմնանկարի, քարի նյութի) և նոր դպրոցների ստեղծմանը (օրինակ՝ խճանկարի):

Փոխադարձ համաձայնություն կա, որ հուշարձանների վերականգնման խնդիրներին նվիրված համատեղ ծրագրերի իրականացման համար մասնագիտական համագործակցության հարթակ կստեղծվի տարածաշրջանի մի շարք պետությունների հետ, ինչի հնարավորությունն այսօր վերահաստատեցին և ողջունեցին կողմերը։

ՀՀ մշակույթի նախարարն Իտալիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնյայի միջոցով շնորհակալությունը փոխանցեց այդ երկրի կառավարությանը՝ Հայաստանում իրականացրած մշակութային ծրագրերի, աջակցության համար։ Մասնավորապես՝ Գյումրու Աճառյան փողոցում Շիրակի մարզային գրադարանի զբաղեցրած պատմամշակութային եզակի շինության վերանորոգման համար։ Երախտիքի խոսքը նախարարն ավարտեց աշնանը Հայաստանում անցկացվելիք ժամանակակից արվեստի միջազգային մեծ ցուցահանդեսի նախաձեռնության և աջակցության համար, որին աշխարհի տարբեր երկրներից 200 արվեստագետ է մասնակցելու։

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728