ՀՀ-ն Ադրբեջանին մեղադրում է ստի մեջ՝ Խոջալուի դեպքերի հետ կապված. Грузия Онлайн
Փետրվարի 26-ին վրաստանյան Apsny.ge լրատվական կայքը հրապարակել էր Վրաստանում Ադրբեջանի դեսպանության հայտարարությունը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ, որին արձագանքեց Վրաստանում ՀՀ դեսպանությունը և այն հերքող հայտարարությամբ հանդես եկավ այդ նույն լրատվական կայքում, որը հրապարակվեց «Հայաստանը ստի մեջ է մեղադրել Ադրբեջանին՝ Խոջալուի դեպքերի հետ կապված» վերտառությամբ․
Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Պատմության միայն սեփական պատկերացումները ներկայացնելը Ադրբեջանի ղեկավարության ինքնատիպ ոճն է, որ հիշեցնում է գեբբելսյան գաղափարախոսությունը, ըստ որի՝ եթե դուք բավարար քանակությամբ սուտ արտաբերեք և անընդհատ այն կրկնեք, արդյունքում մարդիկ կհավատան դրան: Սկսած ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներից, Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ինքնորոշված ժողովուրդը պայքարում է միջազգային իրավունքով իր կարգավիճակի ճանաչման համար: Ինքնորոշման հետ կապված՝ Արցախի ժողովրդի օրինական պահանջն ուղեկցվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հակահայկական հարձակումներով:
Այդ դեպքերը, որ իրագործվեցին «Մահ հայերին» կարգախոսի ներքո, այլատյացության քաղաքականության, էթնիկ զտումների, հայերի արտաքսման դրսևորումներ էին՝ իրականացված ադրբեջանական ղեկավարության կողմից: Այդ վայրենություններն էին, որ պատճառ դարձան որպեսզի Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը գրեր. «Եթե ինչ-որ մեկն էլ կարող էր կասկածել դրանում մինչ Սումգայիթը, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մի բարոյական իրավունք չմնաց՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում պահելու համար»:
Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջի պատասխանը պաշտոնական Բաքվի կողմից դարձան հայ ազգի վրա հարձակումներն ու էթնիկ մաքրումները, ապա 1991-ին, այդ ընթացքում գործող Խորհրդային օրենսդրության և միջազգային նորմերի հիման վրա այդ իրավունքի իրագործման արձագանքը դարձավ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմը՝ անկախություն ստացած Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով:
Ուղիղ 25 տարի առաջ Ադրբեջանի զինուժը սկսեց ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետանային ռմբակոծություն, որն այն ժամանակ վերածվել էր ապաստանի փախստականների համար, ովքեր փրկվել էին Սումգայիթի, Բաքվի, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ջարդերից: 1992-ի փետրվարի 13-ին, խախտելով միջազգային կոնվենցիան, Ստեփանակերտի բնակելի շրջանները ռմբակոծելու համար Ադրբեջանը սկսեց օգտագործել «ԲՄ-21 ԳՐԱԴ» տեսակի ռեակտիվ համակարգեր:
Խոջալուն Ստեփանակերտի ռմբակոծման համար օգտագործվող 7 կրակային կետերից մեկն էր: Դեռ խորհրդային տարիներին Խոջալուն կարևոր ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ տեղակայված էր Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի մյուս քաղաքներին միացնող ճանապարհների խաչմերուկում: Բացի այդ, 1970-ականներին Խոջալուի կողքին կառուցվել էր Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը, որն Արցախի պաշարման ընթացքում արտաքին աշխարհ միակ ելքն էր: Այս կերպ 1992-ին ակնհայտ դարձավ, որ Խոջալուի կրակակետի չեզոքացումը հրամայական էր ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Ղարաբաղի բնակչության ֆիզիկական փրկության համար: Խոջալուի կրակակետի չեզոքացման գործողությունը սկսվեց 1992-ի փետրվարի 25-ին: Մինչ գործողության սկիզբը, մի քանի ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը, բոլոր հնարավոր միջոցներով ադրբեջանական կողմին իրազեկեցին այդ գործողության, դրա նպատակների, Խոջալուից բնակչության տարհանման նպատակով ստեղծված մարդասիրական միջանցքի մասին:
Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել Աղդամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած արյունոտ դեպքերի պատճառ դարձած փաստերը, որոնք անվանում է «Խոջալուի ողբերգություն»: Այս դեպքերի հետ կապված փաստերը մի շարք հարցեր են առաջացնում, և ադրբեջանական իշխանությունը նույնիսկ այսօր՝ 25 տարի անց, գերադասում է այդ պատասխանները գաղտնի պահել.
Ինչո՞ւ Ադրբեջանին չհաջողվեց կազմակերպել Խոջալուի բնակչության տարհանումը:
Խոջալուի դեպքերի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆաթալիևի հարցազրույցից. «Մինչ Խոջալուի դեպքերը 4 օր էր մնում: Փետրվաի 22-ին նախագահի, վարչապետի, պետական անվտանգության ծառայության ղեկավարի և այլոց ներկայությամբ կայացավ ազգային անվտանգության կոմիտեի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց չտարհանել Խոջալուի բնակիչներին:
Ինչպես նշվեց, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից Խոջալուի բնակչության համար հումանիտար միջանցք էր թողնվել, որոնց մեծամասնությունը անվտանգ հասել էր մինչև Աղդամ: Խոջալուի նախկին քաղաքապետը նույնիսկ հասել էր Բաքու և այժմ հանդիսանում է Մեջլիսի պատգամավոր: Ցավոք, Խոջալուի մի խումբ բնակիչներ, հաջողությամբ հատելով հայերի կողմից վերահսկվող տարածքները, չեն հասել Աղդամ՝ադրբեջանական տարածքում:
Հատված՝ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի կողմից դեպքերի վկայությունից. «Փետրվարի 29-ին, երբ ես Ումուդլու գյուղից ռազմական ուղղաթիռով Աղդամ էի թռչում մյուս կողմից, տեսա Խոջալուից 10 կմ և զինվորական կետից մոտ 700 մետր հեռավորության վրա մերոնց դիակները, և ինձ ամենից շատ սարսափեցրեց այն, որ երբ ես նկարահանում էի այդ մարմինները, տեսա, որ մերոնցից մոտ 10 հոգի զինվորական համազգեստով անհոգ զբոսնում էին մոտակայքում: Ինձ ասում էին՝ այնտեղ դիակներ չկան, այնտեղ հասնել հնարավոր չէ, այնտեղ հայերն են, այնտեղ կրակում են, բայց երբ մենք վերջապես վայրէջք կատարեցինք մեր ուղղաթիռներով, չգիտես ինչու 3 ուղղաթիռ նույն պահին արագ Աղդամ թռան, այդ 10 անձինք նույնպես: Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ մեր դիրքերից 700 մ հեռու, որտեղ հանգիստ քայլում էին մեր զինվորները, ոչ ոք չէր հավաքում այդ դիերը (Աղբյուր):
Զարմանալի չէ, որ Ադրբեջանում այդ դեպքերի պաշտոնական վարկածների կամ լրագրողական հետաքննությունների նկատմամբ զրոյական հանդուրժողականություն է: Այն մարդիկ, ովքեր համարձակվեցին բաց խոսել այդ դեպքերի մասին, կամ սպանվեցին, ինչպես Չինգիզ Մուստաֆաևը, կամ բանտարկվեցին, ինչպես լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը, կամ աքսորվեցին, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահը:
Այազ Մութալիբով, Ադրբեջանի նախագահ (1990-1992). «Այստեղ տեղի ունեցած բախումները, մարդկանց մահը, դրանք ողբերգության զգացում են առաջացնում, և ցավ և կասկածներ, որ ոմանց ակնհայտորեն ձեռնտու չէ այս գործընթացը: Հասկանում եք, որ ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ ես չգիտեմ, ամեն դեպքում զգում եմ, որ ուժեր կան, որ դա չեն ուզում, ուզում են, որ ավելի վատ լինի, քանի որ գիտեք՝ մութ ջրերից ավելի հարմար է օգտվելը: Այստեղ շատ են այդ ջրերի որսորդները: Այստեղ կան այնպիսիք, ում համար մեկ է՝ ում վրա կրակել: Ինչպես ասում են Խոջալուի այն բնակչները, ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպված էր նրա համար, որ իմ հրաժարականի համար հիմք լինի: Ինչ-որ ուժ էր գործում՝նախագահին վարկաբեկելու համար: Մենք ուղղակի հոգնել ենք, հոգնել ենք այդ դիմակայումից: Սովորական մարդիկ են մահանում ամեն օր, այն դեպքում, երբ ինչ-որ մեկը իր ամբիցիաներն է կառուցում՝առաջ տանելով իր քաղաքական նկրտումները»:
Եկեք չմոռանանք, որ Խոջալուի՝ ավելի քան 700 բնակիչ չի լքել գյուղն ու տեղափոխվել է Ստեփանակերտ, ուր ապահովվել է սնունդով և բժշկական օգնությամբ, ապա երկու օր անց հանձնվել ադրբեջանական կողմին՝ առանց նախապայմանների:
Ադրբեջանի իշխանությունը մինչ օրս չի պատասխանել այն հարցադրումներին, որոնք առաջ են քաշվել հենց ադրբեջանցիների կողմից: Միաժամանակ նրանք գրեթե ամբողջությամբ տիրապետում են վերոնշյալ փաստերի աղավաղման արվեստին, որպեսզի ուրիշներին մեղադրեն սեփական հանցագործությունների համար և խուսափեն պատասխանատվությունից՝ նույն ժամանակ փորձելով ստեղծել հնարովի հակակշիռ՝Սուգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում իրենց կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային սպանություններին:
Վրաստանում ՀՀ դեսպանություն մամուլի ծառայություն