«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն իր համախոհների, Վահրամաբերդ գյուղի բնակիչների հետ միասին հայտնաբերել է կինոռեժիսոր Արման Մանարյանի և օպերատոր Լեւոն Աթոյանցի «Հեղնար աղբյուր» ֆիլմից հայտնի աղբյուրի տարածքը։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակ, ռեժիսոր Հայկ Բաբայանը: Նա նաեւ հավելեց, որ «Հայֆիլմի վերածնունդը» տեղաբնակների հետ միասին անելու է ամեն ինչ՝ տարածքը վերականգնելու եւ կենդանացնելու համար:
«Գտնվեցին սրտացավ մարդիկ, որոնք ցանկացան, որ Հեղնար աղբյուրի տարածքը վերականգնվի, նոր շունչ ստանա: Այդ մարդիկ Վահրամաբերդում չեն բնակվում, բայց կապ ունեն գյուղի պատմության հետ, արմատներով այդ գյուղից են: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության միջոցով գտնվեց այդ տեղը եւ որոշեցինք համագործակցելով, մեկս մյուսին թիկունք լինելով վերականգնել աղբյուրի հին հուշաքարը, բարեկարգել տարածքը, աղբյուրն էլ աշխատեցնել…
Ողջ Հայաստանում գիտեն, որ Հեղնար աղբյուրը Վահրամաբերդում է, բայց փաստորեն ստացվում է` անունը կա, ամանում չկա: Դրա համար լրջորեն զբաղված ենք դրանով, ցանկանում ենք, որ հայտնի պատմությունն իմաստավորվի այդ տարածության մեջ: Բոլորին լավ իմաստով խառնել ենք իրար, բոլոր ռեսուրսներն օգտագործում ենք, որպեսզի աղբյուրի հին քարը գտնենք ու տեղադրենք այդտեղ»,-ասաց Հայկ Բաբայանը:
Նա նաեւ հավելեց, որ օպերատոր Լեւոն Աթոյանցն ակտիվ մասնակցություն ունի այդ գործում: «Մենք որոշել ենք, որ երբ աղբյուրը գործի, առաջին կում ջուրը խմելու է հենց Լեւոն Աթոյանցը, ապա Հակոբ Ազիզյանը` Ֆիլմում Երանոսի դերակատարը, ֆիլմի վրա աշխատած բոլոր մարդիկ»,-շեշտեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հեղինակը:
Նրա խոսքերով, Հեղնար աղբյուրի բացումը բեմադրվելու է, հնչելու է նույն երաժշտությունը, ինչ ֆիլմում, վերակերտվելու են հայտնի դրվագները:
«Շատ հետաքրքիր տոն է դառնալու: Այսօր շատերը մտահոգ են կինոթատրոնների վերականգնմամբ, կինոթանգարան ունենալու գաղափարով: Կարծում եմ, որ յուրաքանչյուր նման տարածք, որտեղ ֆիլմ է նկարվել ժամանակին, կրկին շունչ առնելու դեպքում կարող է դառնալ բացօթյա կինոթանգարան»,-հավելում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքերով, այդ ճանապարհով եւ տուրիզմն է հնարավոր զարգացնել, եւ կինոյի պատմությունը վերհիշել: Պետական աջակցություն Հայկ Բաբայանը չի ակնկալում, այսում է՝ ամեն ոք նախ ինքը պետք է փորձի օգնել իր հայրենիքին:
Հավելենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիան «Հեղնար աղբյուր» կինոնկարը նկարահանել է 1970 թ.` Մկրտիչ Արմենի համանուն վիպակի հիման վրա:
Ֆիլմում նկարահանվել են Սոս Սարգսյանը, Գեղամ Հարությունյանը, Հակոբ Ազիզյանը, Գուժ Մանուկյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Գալյա Նովենցը եւ Ազատ Գասպարյանը: Երաժշտությունը գրել է Ռոբերտ Ամիրխանյանը: Ֆիլմը պատմում է աղբյուրներ կառուցող հայտնի վարպետ Մկրտչի մասին, որի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշի։ Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը: