«Ես կարծում եմ, որ շատ ոչ կոռեկտ հայտարարություն է արել պարոն Նիկոյանը»- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանը վերաբերվում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի այն տեսակետին, որ «Ելք»-ի առաջնորդները չեն ցանկանում, որ մարտի 1-ը բացահայտվի:
«Ելք»-ի առաջնորդները ամեն ինչ արել են, անում են եւ կանեն, մարտի 1-ի բացահայտման համար: Մեր նախագիծը նաեւ դրան է միտված»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ նախորդ գումարման խորհրդարանում ՀԱԿ խմբակցության՝ մարտի 1-ի մասով բոլոր նախաձեռնություններին ինքն ու Նիկոլ Փաշինյանը մշտապես կողմ են քվեարկել:
Սամվել Նիկոյանի հայտարարությունը Էդմոն Մարուքյանն անվանում է «մեղադրանք` մեղադրանքի դեմ»:
«Եթե դուք հետեւել եք մեր ելույթներին, մենք ասում էինք՝ իշխանությունները չեն ուզում, որ բացահայտվի: Ավելին, քանի դեռ այս իշխանություններն են, չի էլ բացահայտվելու: Եվ այս քննարկմանն ի պատասխան իրենք ասում են՝ չէ, դուք չեք ուզում, որ բացահայտվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ