Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջարկել են Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընտրելու համար: Իսկ նա «Ելք» դաշինքի ցուցակով մասնակցել էր խորհրդարանական ընտրություններին: Այսօր ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այդ առնչությամբ հարց ուղղեց նրան: Մելիքջանյանը պատասխանեց, որ ինքը բարձր է գնահատում «Ելքի» աշխատանքը, քաղաքական հայացքներով «Ելքին» համակրում է, բայց իր համար քաղաքական էջը արդեն փակված է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը բոլոր թեկնածուներին լսելուց հետո իր ելույթում ասաց. «Այն, ինչ ներկայացվեց, կզարդարեր ցանկացած մարդու կենսագրություն: Բայց եթե մենք ունենք այսքան լավ իրավաբաններ, գիտնականներ, որոնք նաեւ զբաղեցրել են շատ լուրջ պաշտոններ, ունեն բավականին լուրջ փորձառություն, որ փոխանցում են ապագա սերնդին, այս ամենով հանդերձ ունենք չկայացած, բոլոր միջազգային կառույցների կողմից կասկածի տակ դրվող դատական համակարգ: Պատճառը ո՞րն է: Երկու պատճառ կարող է լինել, դատական համակարգը անկախ չէ, դատավորները գիտեն օրենքը, բայց չեն գործում օրենքի շրջանակներում, որովհետեւ վերեւից հրահանգում են: Անկեղծ պիտի ասվի, թե ովքեր են վերեւից հրահանգողները, եթե ուզում ենք անկախ դատական համակարգ ունենալ: Կա երկրորդ պատճառը, որ մեր մասնագետները կայացած են գիտության մեջ, դատական համակարգում չեն կարողանում գործել»:
Նա ասաց, որ սա հիվանդություն է եւ եթե ընդունենք, որ այս հիվանդությունը կա, ապագա սերունդները կունենան լավ դատական համակարգ, չենք ընդունի՝ ինչ վարչապետ ուզում եք ընտրեք, ինչ պառլամենտ ուզում եք ընտրեք, երկիրը երկիր չի դառնա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ ողջունում է Արամ Սարգսյանի ելույթը: Նա ասաց, որ որպես հայ քաղաքացի, ուրախանում ես, որ բարձր մակարդակով մարդիկ են հանդես գալիս բարձրագույն խորհրդում: Բոստանջյանն ասաց, որ բոլորը գիտեն՝ մեր դատական համակարգը տխուր վիճակում է եւ նրանք պետք է փորձեն շտկել վիճակը:
Նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ պարկեշտությունից ելնելով՝ չի ուզում ներկայացնել Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին, բայց Բարձրագույն դատական խորհրդի կազմում պետք են մարդիկ, ում հեղինակությունը, իրավագիտակցությունը զսպաշապիկ կլիներ բախտախնդիր դատավորների համար, նաեւ անձեռնմխելի կպահեր այդ կառույցը. «Պարոն Հարությունյանը եւ պարոն Դանիելյանը հավակնում են այդ դերին լիարժեք»: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ նրանք իր գործընկերներն են եւ նույնպես լիարժեք ունակ են տեսանելի ապագայում պատշաճ իրականացնել իրենց գործառույթները:
ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրելով՝ սկիզբ են դնում դատական բարեփոխումներին: Նա ասաց, որ խորհրդարանում թեկնածուներին հիմնականում մասնագիտական հմտությունների հետ կապված հարցեր չհնչեցին, միայն քաղաքական, նշանակում է, որ նրանց մասնագիտական որակները կասկածի տեղիք չեն տալիս:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում թեկնածուներին հարցնելով քաղբանտարկյալների, Սերժ Սարգսյանի հայտարարության մասին՝ ուզում էր ճշտել բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների հարաբերությունը ճշմարտության հետ. «ՀՀ արդարադատության պրոբլեմը ոչ ՔրՕր-ն է, ոչ ընթացակարգերը, սանկցիան: Ճշմարտության մեջ է պրոբլեմը: Մեր դատական համակարգը ստահոդ, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ է: Գագիկ Հարությունյանից իմացանք, որ ՀՀ-ում նախագահական ընտրություններ երբեք չեն կեղծվել: Ինքը չգիտի, եղել է փոխվարչապետ, ՍԴ նախագահ, չգիտի ՀՀ-ում քաղբանտարկյալ եղե՞լ է, թե՞ ոչ: Եվ սա նրա հարաբերությունն է՝ ճշմարտության հետ: Չգիտեն նաեւ բազմաթիվ մարդիկ՝ նույն ռանգի՝ ավելի ցածր, ավելի բարձր: Ոչ կարող են հերքել, ոչ հաստատել: Ամենահարմար պոզիցիան է: Ախպեր ջան, ասում է՝ я не белый, я не красный, ничего не знаю»:
Անդրադառնալով Գեւորգ Դանիելյանին՝ նա ասաց, որ նրա նախագահության պայմաններում ՀՀ բանտերը լիքն են եղել քաղբանտարկյալներով, ոչ միայն բռնել են, այլեւ հասցեական հետապնդումներ են կիրառել՝ այդ մարդկանց կոտրելու, կտտանքների ենթարկելու եթե ոչ ֆիզիկապես, այլեւ բարոյապես: Նա ասաց, որ երբ գիտական հոդվածները նրա կարդում ես՝ ոսկե ուլունքներ են կախած, բայց ի՞նչ նախարար է եղել: Փաշինյանն ասաց, որ երբ նրան եւ մյուս թեկնածուներին պարզ հարց են ուղղում ու նրանք ասում են՝ «ես այդ հարցին չեմ պատասխանի», OK է, ինքը հենց դա էլ ուզում էր ճշտել. «Կպատասխանեք պարզ հարցին՝ մեր դատական համակարգը ճշմարտությա՞ն դատական համակարգ է, թե՞ ստի»:
Փաշինյանը եկել էր նկարներով՝ իր խոսքը պատկերավոր դարձնելու համար: Նա պատգամավորներին ներկայացրեց Ֆեմիդայի խորհրդանիշը՝ ասելով, որ մենք ընտրություններին սա ենք ուզում, բայց ստանում ենք այլ բան: Փաշինյանը ցուցադրեց մի նկար, որտեղ կերպարները կապանքների մեջ էին եւ ասաց. «Ունենալու ենք այսպիսի դատական համակարգ, որը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում եւ ոչինչ չի ասում»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ելույթը որակեց «Ֆեմիդա շոու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ