Փոքր ՀԷԿ-երի խնդիրը լուծելու նպատակով, որոնցից շատերն, ըստ բնապահպանների, էկոլոգիական աղետ են դարձել շրջակա միջավայրի համար, կառավարությունը մարտի 1-ի նիստում որոշման նախագիծ կքննարկի:
Այն կներկայացնի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները»,-վարչապետին նախագծի անհրաժեշտությունն այսպես կբացատրի պարոն Մինասյանը:
Սույն նախագծով հաստատվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները:
Այսինքն` տվյալ տարածքում ՀԷԿ-ի թույլտվություն տալուց առաջ նախ պետք է հաշվի առնվի կան արդյոք Կարմիր գրքում գրանցված կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր ձվադրավայրեր,
ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիներ:
Պետք է հաշվի առնվի նաեւ, թե կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների հեռավորությունը որքան է մոտակա բնակավայրից, ՀԷԿ-ի առաջացրած աղմուկն ինչ ազդեցություն կթողնի շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա: Բացի այդ, կառուցվող փոքր ՀԷԿ-ը պետք է 150 մետր շառավղով հեռու լինի հարակից տարածքում առկա բնության հուշարձաններից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ