Այս տարի 48-րդ անգամն է, ինչ Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում նախատեսվում է անցկացնել «Լոռվա ձմեռ» ավանդական դարձած մարզատոնահանդեսը: Տոնն իր շուրջն է համախմբում ոչ միայն լոռեցիներին, այլեւ հազարավոր հյուրերի՝ հանրապետության տարբեր վայրերից:
Այս տարի, սակայն, տոնը հավանաբար չի կայանա՝ ձյուն չլինելու պատճառով:
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի գխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տոնի իրականացման համար մրցույթը հայտարարված է, ծրագիրը պատրաստ, սպասում են ձյան գալուն. «Մենք պատրաստ ենք միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու, սակայն ձյան ոչ առատության պատճառով չենք կարողանում: Մի քանի անգամ եղել է, որ մարտ ամսին ենք անցկացրել: Հուսանք, որ այս տարի էլ ձյուն կգա եւ միջոցառումը կկայանա»:
Միջոցառման ընթացքում կազմակերպվում են ամենատարբեր մրցույթներ, իսկ հաղթողները պարգեւատրվում են պատվոգրերով եւ մրցանակներով: Մարզատոնահանդեսին մասնակցում են նաեւ գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային խմբեր, լարախաղաց, տոնը դարձնելով ավելի հետաքրքիր եւ գունեղ:
«Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսի հիմնադիրը եղել է վաստակավոր մարզիկ Լյուդվիգ Պետրոսյանը: Նրա ջանքերով էլ 1968 թվականին առաջին անգամ անց է կացվել միջոցառումը: Այս տարիների ընթացքում տոնահանդեսը չի կայացել եւս 6 անգամ, պատճառը՝ կրկին ձյունն է եղել. «Մենք մտադրություն ունենք միջոցառումը մտցնենք ՀՀ սպորտի նախարարության միջոցառումների պլանի մեջ, որպեսզի մարզատոնահանդեսին ամբողջ հանրապետությունը մասնակցի»,- տեղեկացրեց Սամվել Սաֆարյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Միջոցառման լուսանկարները՝ vanadzor.am-ի