Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյանն աննկարագրելի գոհ է Մնջախաղի թատրոնի շենքի տարածքից

Փետրվար 27,2018 15:02

Գրիգոր Քոչարի 21 հասցեում 2019թ. մայիսից իր դռները կբացի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շենքը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հատուկ շեշտեց, որ շենքի ճակատին հայկական եռադիմակ կլինի, ոչ թե թատերական տարածված դիմակները:

«Սա մեր հայկական եռադիմակն է, Հեթում արքայի ճաշոցի խորաններից մեկի լուսանցքում է նկարված, 13-րդ դարի է: Մտածում ենք` սա վերակերտենք խճանկարով, ուղղակի հավաքենք այսպիսի մեծ պատկեր, որը կթելադրի, թե մենք ինչպիսի նոր խորհրդանիշ, լոգո կունենանք, որովհետեւ թատրոնի բացման հետ որոշել ենք նաեւ լոգոյի թարմացում կատարել»,-ասաց նա:

Նաեւ հավելեց, որ հայտնի է, թե ինչ ներկայացմամբ է կայանալու թատրոնի նոր շենքի բացումը. «Ուղեղիս մեջ արդեն բեմադրված, վերջացած է: Դա «Պիեռոյի երազն» է»:

Ժիրայր Դադասյանը հավելեց, որ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ձեռնարկել էր ճարտարապետական խորհուրդ եւ միասին են որոշում կայացրել, թե ինչպիսին պետք է լինի Մնջախաղի թատրոնի շենքը: «Երեւանի ամենաանվանի ճարտարապետները եկել եւ իրենց կարծիքն են հայտնել, որովհետեւ քաղաքի կենտրոնում այսպիսի մի բան պետք է կառուցվի, ուստի պետք է լինի ընդհանուր համաձայնություն, մասնագիտական կարծիք: Հրաչ Պողոսյանը, Սաշուր Քալաշյանը, Մկրտիչ Մինասյանը եւ մյուսները իրենց հեղինակավոր կարծիքն են հայտնել»,-հավելեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ժիրայր Դադասյանի խոսքով՝ աննկարագրելի գոհ է տարածքից. «Սա այնպիսի մշակութային միջավայր է` Դրամատիկական թատրոնը, Կամերային թատրոնը, Խամաճիկների թատրոնը, Գեղարվեստի ակադեմիան, ի վերջո Մատենադարանը…Սա Երեւանի մշակութային սիրտն է, չհաշված այս հրաշալի այգին, որը հուսով եմ՝ ավելի կկենդանացնենք մեր ներկայությամբ, այգի այցելողների համար կարող ենք հետաքրքիր ակցիաներ անել»:

Մանրամասները` տեսանյութում:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ իր եւ Ժիրայր Դադասյանի հղացած երազը վերջապես իրականություն է դառնում. «Նախագիծը պատրաստ է, մոտ օրերս կհայտարարվի շինարարության մրցույթ: Ըստ նախնական պայմանավորվածության` 250 մլն դրամի շինարարական աշխատանքներ են նախատեսվում, որից 60 միլիոնը կտրամադրվի այս տարի, մնացածը եկող տարի: 2019 թ. մայիսին կազդարարենք բացումը»:

Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանը հավաստիացրեց, որ տարածքը Ժիրայր Դադասյանի սրտով է. «Այժմ թատրոնի չափորոշիչները այսօրվա շենքի կոնստրուկցիային համահունչ չեն, դրա համար էլ փոփոխություններ են արվելու»:

Նա վստահեցնում է, որ տարածքը հարմարավետ է թատրոնի համար, «Պարոն Դադասյանը նախագծին ամենօրյա մասնակցություն է ունեցել: Վերջիվերջո դա իրենց թատրոնն է, եւ առանց իրենց նախագծելը սխալ կլիներ, դրա համար բոլոր ցանկությունները հաշվի են առնվել: Տարածքը երրորդ հարկում էր գտնվում, դրա համար շինությանը որոշակի ծավալ է ավելացել, բայց դա նաեւ կարող է շատ լավ ճարտարապետական հանգույց լինել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728